ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Փարաքարում դիտավորյալ պայթեցրել էին մեքենա, ինչի հետեւանքով մեքենայում գտնվող Վարազդատ Բարոյանը մահացել էր: Ստացվում է, որ նրա մեքենան պայթեցնելու միջոցով ենթադրյալ հանցագործները սպանեցին նրան:

 

Իսկ ինչո՞ւ. այս հարցի պատասխանը դեռեւս մնում է անհայտ: Դեպքից անցել է 4 օր, անգամ իրավապահները չեն հայտնաբերել հանցագործին: Մեզ հայտնի դարձավ, որ սպանված Վարազդատ Բարոյանը նախկինում եղել է իրավապահների տեսադաշտում:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դեռեւս 2010 թվականին Փարաքար գյուղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել իրավապահներին ու հայտնել, որ Փարաքար գյուղի Կոմունայի փողոցի 18 տան դիմաց Արթուր Բարոյանը 2010թ. հուլիսի 16-ին իրեն քաշքշել, հարվածներ է հասցրել եւ փախցրել իր «Վոլվո Ս-80» մակնիշի 20 ՍՕ 438 պետհամարանիշի ավտոմեքենան։ Այնուհետեւ մատնացույց անելով Փարաքար գյուղի Գետափ փողոցը՝ հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, վիճաբանությունը շարունակվել է այդ փողոցում, որտեղ Արթուր, Վարազդատ եւ Էդգար Բարոյանները ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել մարմնական վնասվածքներ /հ. 1 գ. թ. 37-39/։

Այս արարքի համար Դատարանը ազատազրկման էր դատապարտել Վարազդատ Բարոյանին, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, նշանակվել էր փորձաշրջան:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ մեքենայի պայթյունից սպանված Վարազդատ Բարոյանի եղբյարը ներկայումս կալանավայրում է: Թե որքանով այս եւ այլ դեպքերը կապ ունեն նրանց հետ կատարված միջադեպերի հետ, հուսով ենք՝ կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտվորյալ սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել եւ պայթել, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին, մահացել է:

Ք. Մ.

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022թ. հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով Ափիոն տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցների մաքսանենգության փորձի եւ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը Բ. Զ-ն հայտնաբերվել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետում եւ ձերբակալվել։

Պարզվել է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ԻԻՀ մեկ այլ քաղաքացու հետ, փորձել են իրենց մոտ ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերով Ափիոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով արտահանել ՀՀ-ից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հանցագործության դեպքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Բ.Զ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

 

 

 

ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ

2022թ. հունիսի 22-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ.Ս.-ն, Մ.Խ.-ի կողմից հրավիրված լինելով Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցի թիվ 3 հասցեում կազմակերպված խնջույքին, սեղանի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում միմյանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելուց հետո Կ.Ս.-ն իր կողմից շահագործվող «ՈՒԱԶ-ՊԱՏՐԻՈՏ» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել է հրազեն հանդիսացող, մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը եւ սեփական անձի առավելությունն ընդգծելու անթաքույց մոլուցքով մղված, շրջապատին եւ հասարակությանը հակադրվելու, հակազդելու ցանկությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության եւ հասարակական բարքերի ու խնջույքին ներկա գտնվող անձանց նկատմամբ, ինչպես նաեւ արհամարհելով հասարակական հարաբերություններում ընդունված համակեցության կանոնները, այդ թվում՝ հաշվի չառնելով գիշերային ժամին բնակավայրում գտնվելու հանգամանքը, նշված հրազենի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված, արձակել է կրակոցներ՝ այդկերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը. հայտնում է Արցախի դատախազությունը։

Դեպքի առթիվ 23.06.2022թ. հետաքննության մարմնի կողմից հարուցվել է քրեական գործ: Կ.Ս.-ն ձերբակալվել է, նախաքննական մարմնի 26.06.2022թ. որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հանցագործության գործիքը առգրավվել եւ ճանաչվել է իրեղեն ապացույց: Դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:

 

 

 

 

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԹԱՔՑՐԵԼ Է

2022թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ շահերի, ինչպես նաեւ նույն տարեթվի գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագրերը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Դատախազության փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ա. Մ.-ն 2022թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ Ա. Մ-ն մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով, եւ դատապարվել 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով`  մեկ տարի ժամկետով: Ա. Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան՝ 2  տարի ժամկետով:

 

 

 

ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 եւ 58 տարեկան երկու տղամարդ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ եւ ավտոմեքենայի մարտկոց: 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր վտակից, իսկ էլեկտրական հոսանքի փոխարկիչը մալուխով եւ փայտյա 2 ձողը՝ էլեկտրական հոսանքի լարերով ու ցանցերով, պահել է գետի ափամերձ հատվածում: Որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:

 

 




Լրահոս