ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ՆԵՐԿԱ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին ավարտվել է պաշտոնական e-draft.am հարթակում տեղադրված, «Տեսալսողական մեդիայի մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետը։

 

Հետաքրքիր է, որ առայսօր դրա վերաբերյալ արձանագրվել է 0 կողմ եւ 0 դեմ ձայ, մինչդեռ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հեղինակած այս օրենսդրական նախաձեռնությունը, որին մասնակցել են նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, Հանրային հեռարձակողի խորհուրդը եւ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն, խորը մտահոգություն է առաջացրել տասնյակից ավելի մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների շրջանում, ընդ որում՝ եւ՛ օրինագծի բովանդակության, եւ՛ դրա մշակման ու ներկայացման գործընթացի առումներով։ Այդ գործընթացում որեւէ կերպ չեն ներգրավվել լրագրողական հասարակական կազմակերպությունները:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով ենթադրվում է փոփոխություններ իրականացնել ոլորտին վերաբերող 7 այլ օրենքներում, այդ թվում` ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող «Զանգվածային լրատվության մասին» մայր օրենքում։ Լրագրողական մի քանի կազմակերպություններ ուսումնասիրել են օրենքը եւ մեծ թվով թերություններ գտել:

Օրինակ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքից հանվում է 1-ին հոդվածի 5-րդ կետի 4-րդ մասը, ինչով, փաստորեն, կարգավորումներից դուրս են մղվում մասնավոր մուլտիպլեքսի սլոթ օգտագործող հեռուստաընկերությունները։ Երբ պարտադրվում է հեռուստանյութերում հստակ տարանջատել փաստերը կարծիքներից, ինչը գերազանցապես ինքնակարգավորման խնդիր է, արդյոք ՀՌՀ-ն ի վիճակի՞ է լինելու վերհանել ահռելի տեղեկատվական հոսքից այդ պահանջի բոլոր խախտումները եւ պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին։

Հասարակական կազմակերպությունները նաեւ ընդգծում են, որ վերոնշյալ օրինագծի պատրաստումն ու առաջադրումը, իր բովանդակությամբ հանդերձ, հակասում են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության ու 11 լրագրողական կազմակերպությունների կողմից նախաձեռնած կարեւորագույն գործընթացին, ըստ որի՝ համատեղ ուժերով պետք է նախապատրաստվի Հայաստանի ինֆորմացիոն ոլորտի զարգացման եւ մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, եւ այդ փաստաթղթում ներառված հիմնարար սկզբունքները պետք է ծառայեն ժամանակակից միջազգային նորմերին համապատասխանող նոր օրենքների մշակմանն ու ընդունմանը։ Դրա վերաբերյալ ապրիլի 19-ին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր։

Այսպիսով, հասարակական կազմակերպություններն առաջարկում են՝

-ԲՏԱ նախարարությանը հետ կանչել պաշտոնական e-draft.am հարթակում ներկայացված օրինագծերի փաթեթը, շահագրգիռ պետական եւ հասարակական կառույցների հետ մասնագիտական բաց քննարկումներ կազմակերպել հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ուղղությամբ,

-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը, հարազատ մնալով լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության հուշագրի դրույթներին, աշխատանքներ տանել ԲՏԱ նախարարության հետ, որպեսզի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ենթադրվող փոփոխությունների իրականացումը համապատասխանեցվի համագործակցության հուշագրով նախատեսված գործընթացներին՝ ներկայումս մշակվող հայեցակարգի սկզբունքներին համահունչ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈՂԵՐՆ ԷԺԱՆ ՕՏԱՐԵԼ

Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային խորհրդի ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է  համայնքի հողերը շուկայականից էժան գնով օտարել:

 

Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման համար նախատատեսված հողամասերի մեկ քառակուսի մետրի շուկայական նվազագույն գինը 10 հազար դրամ է, իսկ  համայնքի ղեկավարի որոշումներով, ձեւական աճուրդներով համայնքի հողերը  էժան են վաճառվում, համայնքի բյուջե քիչ գումարներ են մուծվում։ Նախկինում փաստերով գրել եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավարը շուկայականից էժան գներով համայնքի հողերն օտարել է Երեւանի բնակիչների։ Այդ օտարումը հարուցել է Դիլիջան քաղաքի բնակիչների դժգոհությունը, որոնք ասում են, թե իրենց մեծացող տղաների համար հետո Դիլիջանում  տնամերձ հողամաս չի լինի։ Համայնքի ՔՊ-ական ղեկավարը շարունակում է Դիլիջան համայնքի հողերը շուկայականից էժան գներով  օտարել Երեւանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական, ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ 2022թ. հունիսի 16-ին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել «Քաղ. Հայկազ Հակոբյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին»։ Այնտեղ նշված է, որ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 5-ի թիվ 303-Ա որոշմամբ հունիսի 14-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  «Բնակավայրերի հողերից» Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 36/1 հասցեում գտնվող 691.6 քմ հողամասը բնակելի տան կառուցման նպատակով, 4 միլիոն 841 հազար 200 դրամ մեկնարկային գնով։ Կայացած աճուրդում 5 միլիոն  83 հազար 260 առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ Հայկազ Հակոբյանը։ Հունիսի 16-ին Դավիթ Սարգսյանը որոշել է նույն Հայկազ Հակոբյանին օտարել եւս մեկ հողամաս. երեւի Երեւանի այդ  բնակչին Դիլիջանում մեկ տնամերձ հողամասը  բավարար չէ։ Այդ որոշման մեջ նշված է, որ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 38/2 հասցեում գտվող  691.2քմ մակերեսով հողամասի աճուրդի համար մեկնարկային գին է սահմանվել 4 միլիոն 836 հազար 400 դրամը, Հ. Հակոբյանը աճուրդում հաղթել է 5 միլիոն 78 հազար 320 դրամով։ Հունիսի 16-ին Դ. Սարգսյանը որոշել է Սարալանջի փողոցի 42/1 հասցեում գտնվող  690.8 քմ հողամասը օտարել Երեանի Պ. Սեւակի փողոցի բնակիչ Սերինե Հարությունյանին։ Այդ հողամասի մեկնարկային գինը եղել է 4 միլիոն 835 հազար 600 դրամ, Ս. Հարությունյանը մրցույթում հաղթել է 5 միլիոն 77 հազար 380 դրամ առավելագույն գնով։ Նշված  հողամասերի աճուրդների բոլոր հաղթողները  աճուրդի  մասնակից մրցակցի առաջին քայլից հետո երկրորդ գնային քայլն են արել, եւ մրցույթներն ավարտվել են։ Կարելի է ասել, որ այդ աճուրդները ձեւական են եղել։ Շուկայականից ցած գներով նմանատիպ աճուրդներով հողեր են օտարվել նաեւ Դիլիջան համայնքի բազմաթիվ բնակիչների։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ֆեդյա Էլչբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզի Այրում համայնքապետարանի աշխատակազմի օպերատոր եւ աշխատելով Այրում համայնքի Դեբեդավան բնակավարի վարչական միավորում, լիազորված լինելով իրականացնել ինտերնետային կապի միջոցով Այրում համայնքից ստացված բոլոր փաստաթղթային շրջանառությունը, վարել Դեբեդավան գյուղի տնտեսական գիրքը, Դեբեդավան գյուղի բնակիչներին տրամադրել տեղեկանքներ, իրավունք ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրել քաղաքացիներին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համագյուղացի Արման Մալխասյանի խնդրանքը չմերժելու հանգամանքով պայմանավորված, առանց համայնքների կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով կազմելու, Արման Մալխասյանի կողմից օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր հաշվառման՝ փաստացի գոյություն չունեցող հասցեներում բնակության մասին կազմված թվով 43 տեղեկանքները 2019 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին ստորագրել եւ կնքել է Դեբեդավան համայնքի վարչական ղեկավարի կնիքով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  308 հոդվածի 1-ին մասով եւ 314 հոդվածի 1-ին մասով։ Հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Արամ Մարտիրոսյանը  որոշել է, որ մեղսագրված հանցավոր արարքը  կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած Ֆեդյա  Էլչիբեկյանի նկատմամբ ընտրված անվտանգության միջոց հսկողությանը հանձնելը հիմնավոր է ընտրված, եւ այն պետք է թողնել անփոփոխ մինչեւ համապատասխան դատական ակտով այդ հարցի լուծումը։

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԸ՝ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ քաղաքի Ուսանողական փողոցում կատարվում է վերանորոգում, գրունտային հողի հարթեցում եւ խճապատում։ Զբոսաշրջային Դիլիջանի բնակիչները դժգոհում են քաղաքի տարբեր փողոցների անբարեկարգ վիճակից, ճանապարհների մեծ փոսերից, քաղաքի կենտրոնում, գերեզմանատներում թափառող կովերից, անտեր թափառող ագրեսիվ շներից, քաղաքի փողոցներում լցված աղբից։ Տուրիստական սեզոնն է, շատ զբոսաշրջիկներ, այդ թվում՝ արտերկրից ժամանածներ, զարմանում են Դիլիջանում տիրող անտերությունից։ Դիլիջանցիները բողոքում են, որ քաղաքի խնդիրները լուծելու համար դիմում են համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Սարգսյանին, վերջինիս պատասխանն է՝ բարեգործներ ենք որոնում, որ այդ խնդիրները լուծենք։ Իսկ ինչի՞ն է ծառայում համայնքի մեծ բյուջեն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս