Հունիսի 26-ին ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: Դերասանի խոսքով՝ լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետեւից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:
Այս մասին ահազանգել էր նաեւ դերասանի պրոդյուսեր Անուշ Պետրոսյանը. «Աններելի հանցագործություն է կատարվել Լոս Անջելեսում…. Մահափորձ է կատարվել սիրված եւ տաղանդավոր դերասան Սոս Կարապետյանի նկատմամբ, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Լոս Անջելեսում: Ըստ որոշ չճշտված լուրերի՝ համայնքի հայտնի եւ ունեւոր անհատները հարյուր հազար դոլար գլխագին են առաջարկել հանցագործներին գտնելու եւ պատժելու համար:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ զինված խմբին հետախուզում է հայտարարել Լոս Անջելեսի եւ Գլենդելի ոստիկանությունը:
Համաձայն ԱՄՆ-ի օրենսդրության՝ նման հանցագործությունը դատապարտվում է 15-ից – 20 տարի ազատազրկմամբ:
Կդատապարտվեն ոչ միայն հանցագործություն կատարողները, այլ նաեւ պատվիրատուներն ու հանցանքի դրդողները, ատելության խոսք քարոզողները, որոնց անուններն արդեն շրջանառվում են, եւ իրավապահ մարմինները համապատասխան աշխատանքներ են կատարում նրանց հայտաբերելու ու կալանավորելու հարցում:
Հնարավոր է, որ այս հասարակական լայն հնչեղության գործին միանա նաեւ Դաշնային հետաքննության բյուրոն (FBI)»:
ArmLur.am-ը ավելի վաղ կապ էր հաստատել դերասանի հետ՝ հետաքրքրվելով դերասանի առողջական վիճակի մասին, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տանը պառկած է:
Այլ տեղեկությունններ միջադեպից դերասան Սոս Կարապետյանը չցանկացավ հայտնել։
Դեպքի մանրամասների մասին իմանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ «Կոռուպցիա 2. հատուցում» հեռուստասերիալի ռեժիսոր Գոռ Վարդանյանի հետ:
«Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն եւ ձերբակալվեն։ Ես կարծում եմ, որ Գլենդելի ոստիկանությունը, հարկ եղած դեպքում ԱՄՆ ֆեդերալ ծառայությունը ամեն ինչ կանեն բացահայտելու պատվիրատուներին եւ մարդասպաններին, որոնք փորձել են սպանել Սոս Կարապետյանին։
Սոսին ցանկանում եմ առողջություն, շուտ ապաքինում, իսկ նրա ընտանիքի անդամներին հանգստություն: Ինչ վերաբերում է նախագծին, այն շարունակվելու է, իսկ ավարտից հետո ես հանդես կգամ ասուլիսով»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ համացանցում ակտիվորեն քննարկվում է ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:
ArmLur.am-ը աղմկահարույց դրվագի հետքերով զրուցել է ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, որը մեծ վրդովմունքով մեկնաբանել է իր մասնակցությամբ աղմկալի դրվագը:
ZAZ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍՔԸ
Ֆրանսիացի փոփ-աստղ ZAZ-ի երեւանյան առաջին մենահամերգը կայացավ հունիսի 25-ին «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում «Հրազդան» մարզադաշտում:
Ֆրանսիացի երգչուհու համերգի մեկնարկը տրվեց երիտասարդ երաժիշտ Պարգի եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթներով։ ZAZ-ը բեմ բարձրացավ բացման արարողությունից մեկ ժամ անց՝ մարզադաշտի կենտրոնով՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով իրեն սպասող հանդիսատեսին։
Հատուկ հայ երկրպագուների համար ZAZ-ն իր մտքերը փորձում էր արտահայտել հայերեն նախադասություններ ընթերցելով, ինչը հատկապես բուռն էր ընդունվում «Հրազդան» մարզադաշտում։
«Մենք ամեն օր ապրում ենք մի հրաշք, բայց այնքան ենք սովորել, որ մոռանում ենք։ Դրա համար ես բեմում եմ դրել օդ, հող, ջուր եւ կրակ։ Ես պաշտում եմ կրակը։ Երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակը, որ մեջս ունեմ,- հայերենով արտաբերեց երգչուհին՝ շարունակելով:-Մենք հաճախ անզոր ենք զգում սարսափի դեմ: Ես հավատում եմ, որ երգելը եւ պարելը մեզ կարող են զվարճացնել, եւ դա արդեն լավ է»։
Երգչուհին նաեւ հիշեց Ազնավուրին, նրա հանդեպ մեծ սերն ու հարգանքը ու Կամո Սեյրանյանի դուդուկի նվագակցությամբ ներկայացրեց աշխարհառչակ հայ շանսոնյեի La Boheme երգը։ Հայ հանդիսատեսի կողմից հատկապես բուռն ընդունվեց ZAZ-ի ամենահայտնի հիթը՝ Je Veux-ը։
Նշենք, որ «ՀԱՅԱ» փառատոնը շարունակելու է թեժ համերգների շարքը. հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները եւս տեղի են ունենալու «Հրազդան» մարզադաշտում։
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ
2022թ.-ի հունիսի 24-ին տեղի ունեցավ «Յունիբանկ»-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով: Ժողովում ամփոփվեցին բանկի գործունեության 2021թ.-ի արդյունքները, եւ ներկայացվեցին հետագա զարգացման ծրագրերը:
«Հաշվետու տարում բանկի կողմից մեծ աշխատանք է տարվել 2020թ.-ի հետեւանքները հաղթահարելու, դինամիկ զարգացում եւ աճ ապահովելու համար: Տարվա կարեւոր ձեռքբերումն էր բանկի կապիտալի ավելացումը: Արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում «Յունիբանկ»-ը մոտ 1,1 միլիարդ դրամով համալրեց կանոնադրական կապիտալը», – իր խոսքում նշեց «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Այսօր «Յունիբանկ»-ն ունի 57 մասնաճյուղ եւ ավելի քան 330 000 հաճախորդ: 2021թ.-ին բացվել են «Արին Բերդ» եւ «Մոսկվա» մասնաճյուղերը, իսկ «Տաշիր Կենտրոն», «Տերյան», «Ամիրյան» եւ «Երիտասարդական» մասնաճյուղերը նորոգվել եւ արդիականացվել են:
2021թ.-ին բանկը պահպանել է առաջատարի իր դիրքը POS վարկերի քանակով: SME Banking Club-ը «Յունիբանկ»-ը ճանաչել է որպես տարածաշրջանում բիզնեսի համար լավագույն վարկատեսակներ առաջարկող բանկերից մեկը: 2021թ.-ին Visa միջազգային վճարային համակարգը «Յունիբանկ»-ին շնորհեց Highest cross-border share in Visa Business volume մրցանակը:
Բանկը, լինելով պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից, ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում եւ տեղաբաշխել շուրջ 4,3 մլրդ դրամ եւ 39,5 մլն դոլար։
«Ֆինանսական կայունության եւ ներդրումային գրավչության բարձրացումը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը եւ ակտիվների որակի բարելավումը շարունակել են առաջնահերթ լինել բանկի համար»,- ասաց «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը՝ ներկայացնելով բանկի գործունեության վերաբերյալ վարչության հաշվետվությունը:
«Յունիբանկ»-ի ակտիվները 2021թ.-ի արդյունքներով կազմել են 252.8 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով 6.2%-ով: Վարկային ներադրումները կազմել են 135.4 մլրդ դրամ: Պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 222.1 մլրդ դրամ:
Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում «Յունիբանկ»-ը շարունակել է աջակցել կրթական ոլորտին՝ օգնելով սահմանամերձ շրջանների դպրոցներին: Բանկը դարձել է նաեւ Համահայկական ինտելեկտուալ շարժման մշտական գործընկեր:
2022թ.-ի առաջնահերթություններից են բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով կապիտալի ավելացումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը, մանրածախ վարկավորման շուկայում մասնաբաժնի ավելացումը, որպես երկարաժամկետ համաշխարհային միտում՝ «կանաչ» ֆինանսավորման փորձի կիրառումը, ֆինտեխի օգտագործման ընդլայնումը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը փոքր բիզնեսի վարկավորման գործում, եւ այլն: