ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է. Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:




Լրահոս