Մինչ հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտը շարունակում է զարմանալ ու զայրանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Բերձորի ու Աղավնոյի մասին հայտարարությունից, Ադրբեջանը լայն թափով շարունակում է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհը, ըստ երեւույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: Բերձորի ճանապարհի կենսական լինելը քննարկման առարկա լինել չի կարող, ու եթե հանկարծ Ադրբեջանը փորձի կամ կարողանա Արցախն իզոլացնել Հայաստանից, ապա մեր հայրանակիցները, ահազանգում է Հայրապետյանը, վտարման կամ ցեղասպանության վտանգի առաջ կհայտնվեն:
-Վարչապետ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո, որ Լաչինի ճանապարահին փոխարինող ավտոճանապարհի կառուցումից հետո Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին, չգիտես ինչու, բոլորը զարմացած ու զայրացած են, այնինչ այդ մասին մենք աղաղակում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից ի վեր: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորի հետ կապված խնդրին, ընդ որում՝ կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, եւ այնտեղ տեղ գտած կետը՝ նոր ճանապարհի կառուցման, որը պետք է շրջանցի Շուշին: Ն. Փաշինյանը նշեց հանգամանք, որը արտացոլված չէ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, եւ, ըստ էության, խոսքը կրկին բանավոր պայմանավորվածությունների մասին է, թեեւ Նիկոլ Փաշինյանը շարունակ ասում է, որ ոչինչ մարդկանց մեջքի հետեւում չի պայմանավորվում, բայց իր քաղաքականությունն ու գործողությունները հակառակի մասին են փաստում: Այդ հանգամանքի մասին բազմաթիվ լրագրողներ եւ տարբեր հանրային գործիչներ բարձրաձայնել ու նշել են, այնուհանդերձ հանրային առումով դժվար է հարմարվել այդ մտքի հետ, որ հերթական զիջումներն են արվում Ադրբեջանին: Կարծում եմ՝ այստեղ հստակության խնդիր կա, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչեւ 2023թ. կհասկանան, բայց ադրբեջանական կողմը փաստացի պատրաստվում է այդ ճանապարհը շահագործման հանձնել, ու անհասկանալի է, թե ինչ պայմանավորվածություններ կան, որոնցից տեղյակ չենք, որի հետեւնաքով նոր խնդիրներ ենք ունենալու: Բերձորի ճանապարհի կենսական լինելը քնարկման առարկա էլ չէ: Եթե հանկարծ ադրբեջանական կողմը փորձի կամ հաջողի իզոլացնել Արցախը Հայաստանից, դա նշանակում է, որ մեր հայրենակիցները ցեղասպանության կամ դեպորտիզացիայի վտանգի տակ են հայտնվում: Որքան էլ ռուսական կողմը պարտավորվածություն ուներ անվտանգային առումով, բայց, ի վերջո, խոսքը մեր հայրենակիցների անվտանգության մասին է: Խոսքն այն հողակտորի մասին է, որի համար տասնամյակներ շարունակ բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել: Հույսը դնել ռուս խաղաղապահների վրա, կարծում եմ, որ այդքան էլ խելամիտ չի լինի մեր կողմից: Մենք պետք է կա՛մ հստակ պայմանավորվածություններ ունենանք, կա՛մ հետեւանքները հասկանանք, որպեսզի ռիսկերը ճիշտ գնահատվեն:
-Ալիեւը շարունակում է պնդել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի, քանի որ Արցախյան հարց գոյություն չունի, այնինչ հայաստանյան փորձագետներից մեկն առաջարկում է Հայաստան հրավիրել ԵԱՀԿ ՄԽ-ին: Իրատեսակա՞ն եք դա համարում, ի՞նչ կտա դա Հայաստանին:
-ԵԱՀԿ Մինսկի խմբրի առումով ակնհայտ է, որ համանախագահող կողմերն ունեն տարակարծություններ, եւ աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին: Վերջերս ռռուսական կողմի հայտարարություներն էլ, ըստ էության, կրկնում էին ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Մեզ համար Մինսկի խմբի ձեւաչափը կարեւոր է նախեւառաջ այն բազայով, որ կա բանակցային գործընթացի մասին: Մասնավորապես այնտեղ ինքնորոշման իրավունքի դրույթն է մեզ համար կենսական: Երբ Ալիեւը հայտարարում է, թե Մադրիդյան սկզբունքներն իրագործվել են, իրականում Մադրիդյան սկզբունքների կարեւոր կետերից մեկը հենց հանրաքվեի անցկացումն է, եւ դա ամրագրված է առաջին դրույթում: Ես կարծում եմ, որ հայկական կողմն այստեղ թերացումներ ունի. եթե հիշեք, պատերազմից հետո համատեղ հայտարարություն Միսնկի խմբից ունեցել ենք, հետո աշխատանքը հետեւողականորեն չշարունակվեց, եւ, ցավոք սրտի, աշխարհաքաղաքական իրավիճակն այս իրադրությունը ստեղծեց: Այս պահի դրությամբ ձեւաչափը կարող է սառեցվել կամ համապատասխան գործունեություն չծավալել, բայց դա չի նշանակում, որ կես կամ մեկ տարի հետո չի լինի: Այստեղ կարեւորն այն է, թե մենք ինչ ենք խոսում, ինչ օրակարգ ունենք, որքանով ենք մենք մեր պետական շահն առաջ մղում, որքան էլ դա Մինսկի ձեւաչափը չէ: Կարող է լինել լավագույն ձեւաչափը, բայց եթե մենք չենք կարողանում դրսեւորվել, չենք կարողանում մեր անվտանգային կամ պետական շահը պաշտպանել, այստեղ ձեւաչափերը ոչնչով չեն կարող օգտակար լինել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նրանք սահմանում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի՝ հրաժարականների դիմումները վարչապետին ներկայացնելու կարգը:
Նախ նշենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Վարչապետը»:
Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝
(…)
7) հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը եւ վերջինիս կողմից այն հաստատվելը»:
Օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերը, սակայն տվյալ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու նրա տեղակալը հրաժարական են ներկայացնում Կառավարություն: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը Կառավարություն ներկայացնելը չի համապատասխանում օրենքի իրավակարգավորումներին, քանի որ օրենքով վերոնշյալ սուբյեկտների նշանակման եւ ազատման լիազորությունը վերապահված է վարչապետին:
Այլ կերպ՝ օրենքում նախատեսված չէ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից հրաժարականի դիմումը վարչապետին ներկայացնլու ընթացակարգ այն պարագայում, երբ վերջիններիս պաշտոնից ազատելու լիազորությունը տրված է բացառապես վարչապետին: Օրենքի դիտարկված դրույթը օրենքի բովանդակությանը համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է հստակեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների հրաժարականի դիմումը իրավասու սուբյեկտներին ներկայացնելու ընթացակարգը: Ուստի անհրաժեշտ է կատարել օրենքի 24-րդ հոդվածում համապատասխան լրացում՝ ներառելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելու եւ վերջինիս կողմից նրանց պաշտոնից ազատելու դեպքը, որով կբացառվի նրանց կողմից հրաժարականի դիմումը ՀՀ կառավարություն նեկայացնելու օրենսդրական ընթացակարգը:
Ն.Հ.
Ի՞ՆՉ ԱՀԱԶԱՆԳԵՐ ԵՆ ՀՆՉԵՑՎԵԼ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպել է դատապարտյալների եւ կալանավորների հետ։ «Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից՝ բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող: Նշեմ դրանցից մի քանիսը՝ կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ; քրեական գործի ոչ անաչառ քննում; կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ; համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն; բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում; հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն։
Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին եւ համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ եւ մնացած չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ»։
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 27-ին՝ ժ. 20:00-ի սահմաններում, Նորքի կայազորային հոսպիտալ «ազդրերի, նախաբազուկների, որովայնի առաջային պատի ինքնավնասումներ» ախտորոշմամբ դիմել է քաղաքացի Ս. Գրիգորյանը: Հիվանդանոցի բժիշկները տղամարդուն շտապ օգնություն են ցուցաբերել, իսկ, ահա, իրավապահները շտապել են նրա բնակության վայր՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվել: Պարզվել է՝ տղամարդը հունիսի 25-ին նշված հասցեում մկրատով վնասել է իրեն, իսկ թե ինչու, պատճառը քննվում է:
ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը (Իգոր Խովաեւ) չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում: