ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետարանում առերեւույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված եւ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաքային համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:

 

Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր եւ գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռեւս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուր 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաեւ պատճառաբանել, թե վերջինս՝ որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։

Նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետեւ շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում նշված շենքը եւ հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:

Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին:

Ս. Հ.-ն նշված գույքը ձեւականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչեւ 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն եւ գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ Ս.Հ.-ն մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։ Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերեւույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հարուցված եւ քննվող քրեական գործին:

Ի թիվս այլնի՝ դատախազը ցուցում է տվել նաեւ քննության առարկա դարձնել եւ քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, որոնք մասնակցել եւ կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։ Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների թվաքանակի, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկատվության:

 

Նկարագրված պայմաններում վերջինս, ok.ru սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու եւ «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաեւ նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի եւ շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի եւ տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական եւ այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կրկին հորդորում ենք բնակչությանը, հատկապես՝ զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել եւս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց եւ տեղեկություններ փոխանցելուց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազրկում։

 

 

 

ԸՆԿԵԼ Է ՈՒ ՄԱՀԱՑԵԼ

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Կոտայի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այդ օրը՝ ժամը 21։50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղից իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, որը, կարճ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։  Ոստիկանները պարզել են, որ մահացածը Պռոշյան գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Տ.-ն էր, որը նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, իրենց շենքի՝ իրեն պատկանող ալեհավաքը ուղղելու նպատակով փայտե աստիճաններով վեր բարձրանալիս աստիճանից անզգուշաբար վայր է ընկել եւ ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

 

ՆՌՆԱԿ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։    Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։  Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։  Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, եւ տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության  Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

 

 

ԸՆԿԵԼ Է ՁՈՐԱԿԸ

Հունիսի 28-ին՝ ժամը 02։07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների եւ ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 600 մ) Հ. Ղ.-ին եւ Ջ. Ս.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 




Լրահոս