Լուսանկարն արվել է կառավարության շենքի դիմաց
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել: Պատճառը «Անկանխիկ գործառնությունների մասին» հուլիսի 1-ից մտնող նոր օրենքն է: Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ եւ հաճախորդի պահանջով, անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում: Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է որոշվում երեխայի նկատմամբ հայրությունը:
Լիաննա Բեկյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայրության ճանաչման պետական գրանցման հիմքերն են՝
1) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող մոր եւ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի համատեղ հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է հայտարարություն ներկայացնող անձից,
2) ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում մոր հետ ամուսնության մեջ չգտնվող՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի հայտարարությունն առ այն, որ երեխան սերվել է իրենից,
3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը:
Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, եւ կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Անչափահասին կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:
Իսկուհի Հայրապետյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը: