ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 40

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր իր 100 փաստը, որում անդրադարձ էր կատարել նաեւ հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության հարցին: Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Ի կատարումն կառավարության որդեգրած՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը մեծացնելու քաղաքականության՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել»: Ոստիկանության բաժնում կանանց պաշտոնների նշանակելը որպես ձեռքբերում ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, սակայն, կանանց ներգրավվածությունն այնքան էլ մեծ չէ, ավելին՝ նախկին իշխանությունների օրոք կանայք ավելի մեծ ներգրավվածություն են ունեցել հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Խոսենք փաստերով. կառավարության կազմում ընդգրկված 12 նախարարներից միայն մեկն է կին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 10 մարզպետներից եւս մեկն է կին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Երեկ կին ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում՝ Աննա Վարդապետյանը: Խորհրդարանում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ, Ընտրական օրենսգրքի համաձայն, կուսակցությունների նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդ անձը պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ, սակայն այս կարգավորումը գործել է դեռ նախկին իշխանությունների օրոք եւ սա ամենեւին էլ Փաշինյանի իշխանության ձեռքբերումը չէ: Փորձենք համեմատել այս թվերը նախորդ կառավարությունների հետ: Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը։  Այսպիսով, փաստացի Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը:

 

 

 

 

Օրնիբուն ու տքնաջան աշխատելու իմիտացիա ստեղծող Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ: Մամուլը շատ է գրել, որ, Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան, որոնք իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ են: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, օրինակ, քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նախկին փոխվարչապետ, քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանի, մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացուցիչներն են: Քաղաքի կառավարման հարցերում այժմ իր ակտիվ դերակատարումն ունի նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արամ Հարությունյանը, որն, ի դեպ, մեր տեղեկություններով, գովազդներով զբաղվող ընկերություն ունի (դրան առաջիկայում դեռ կանդրադառնանք): Նա նոր Հայաստանի նոր Միքայել Մինասյանն է հավակնում դառնալ: Արայիկ Հարությունյանի եղբայրը քաղաքապետարանում արդեն իսկ ներկայացուցիչ-ընկերներ ունի՝ ի դեմս իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի, Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանի: Նա (Պոլիտեխնիկն է ավարտել) ճարտարապետ չէ, ու որպեսզի նոր  պաշտոնին նշանակումն անարգել անցնի, վարչության պետի պաշտոնի անձնագիրը փոփոխվել է, համապատասխանեցվել նրա  չափանիշներին: Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե մարդիկ են հարմարվում պաշտոնին ու դրան հասնելու համար ճանապարհ անցնում, այլ պաշտոնները՝ մարդկանց՝ ըստ ՔՊ պրոֆեսիոնալիզմի։

 

 

 

 

«Դ իմադրություն» շարժման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ընդդիմության հերթական հանրահավաքը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 1-ին, ինչի ժամանակ, ըստ երեւույթին, շարժման լիդերներն իրենց ելույթներում կանդրադառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու մասին հայտարարությանը: Թե ինչ կհետեւի հայտարարություններին, կամ ինչ քայլեր կձեռնարկեն ընդդիմադիրները հանրահավաքից հետո, դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, նրանք ոչ միայն առաջիկայում, այլ նաեւ սեպտեմբերին՝ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանին, խորհրդարան չեն գնա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ասելով. «Խորհրդարան միայն սեփական օրակարգով ենք գնալու»:

 

 

Գյուղատնտեսության ոլորտում շուտով դժգոհությունների մեծ ալիք է բարձրանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ՀՀ տարածքում մսամթերքի, կարտոֆիլի, ելակի, ձմերուկի, սեխի, ցորենի օտարման համար սահմանել ավելացված արժեքի հարկի 10 տոկոս դրույքաչափ, ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաեւ սպանդանոցային ծագման մսեղիքը եւ ենթամթերքը: Ավելին՝ Հայաստանում արտադրված մսամթերքի, մշակված մրգի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը կհաշվանցվի՝ կառավարության սահմանած կարգով։ Կառավարությունն այս տարբերակով փորձում է ստվերը կրճատել եւ շուրջ 30 տոկոսով կամ 86 մլրդ դրամով ավելացնել հարկման բազան, նաեւ լրացուցիչ հավաքագրել շուրջ 6 մլրդ դրամ ԱԱՀ գյուղացիների սուղ միջոցներից։ Կհաջողվի արդյոք, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ գյուղատնտեսները սա ոչ միանշանակ են ընդունելու, պարզից էլ պարզ է: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում փոքր եւ միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները շուկայում մրցունակ լինելու համար։ Եւ այսպես, մի քանի գյուղատնտես խոշորների երեսից տուժելու են չարքաշ աշխատող գյուղացիները:




Լրահոս