ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին փոխանցել է հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Հոսպիտալացված մյուս քաղաքացու վիճակը բավարար է:

 

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32-ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18-ին՝ երեկոյան 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելիս ձայնային ազդանշան էր տվել Infinity մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ էր որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները 27-ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։  Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։ Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը, աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Ք. Մ.

 

 

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2022թ. մայիսի 17-ին Կիեւյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

 

Այսպես, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին, որպիսի գործողությունները կապված են եղել վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Ի. Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Ի. Խաչատուրովի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

ՀՐԱՏԱՊ ՆԻՍՏ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ դատական նիստ է նշանակել։ Այս մասին հայտնել է փաստաբան Աննա Մնացականյանը։ «Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12։00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է նա։ Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել, որ նա գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։ Նշվածը հիմք ընդունելով՝ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ «Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,-նշվում է փաստաբանների հայտարարության մեջ։

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մխչյան գյուղում ուշագրավ դեպք է եղել: Ըստ բնակիչների՝ «Նորակ» ՍՊԸ-ի փոխտնօրենը հունիսի 27-ի գիշերն ինքնասպանություն է գործել նշված ՍՊԸ-ի զոդման արտադրամասում՝ ամբարձիչից մետաղյա լարով կախվելով: Թե ինչն է արտադրամասի փոխտնօրենի նման քայլի պատճառը, մեզ առայժմ ճշտել չհաջողվեց: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Հավելենք նաեւ, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 24 տարեկան էր: Բնակիչները զարմացած են տղայի այդ արարքից:

 

ՊՆ-Ն

ՀԵՐՔՈՒՄ Է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

 

 




Լրահոս