ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին: Նրանք պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։  Մոտ մեկ ժամ սպասելով դեսպանատան մոտ՝ հարազատները վրդովվել են, որ շուրջ մեկ ժամ է՝ այնտեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ:

 

Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը նշել է. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ո՞ւմ համար տարան. ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի: Երեկվա հանդիպումը ՌԴ հյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի, օրական մի բան խաբելով, ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի. թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր՝ հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձեւ էլ թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տալու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա. արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:

Ըստ նրա՝ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:

Մեկ այլ ծնող էլ նշել է. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»:

«Զանգեք, թող գան: Չե՞ն կարող 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձե՞ւ էին լինելու»,- ասել են ծնողները:  Ոստիկաններից մեկը կոչ է արել ավելորդ լարվածություն չստեղծել: Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն է առաջացել: Ծնողները ցանկացել են մտնել դեսպանատուն. մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսության առաջ։

 

 

 

 

7 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւ նրա պատվիրակությանը հունիսի 9-ին Երեւանում պաշտոնական ճաշ են տվել ռեստորաններից մեկում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պաշտոնական ճաշը կազմել է 1 մլն 19 հազար դրամ: Ճաշացանկը բազմազան է եղել. ՌԴ արտգործնախարարին եւ նրա պատվիրակությանը մատուցվել է Իշխանի ֆիլե՝ չիչխանի սոուսով՝ 16 բաժին, խոզի խորոված՝ 15 բաժին, սմբուկի ռոլլ՝ 15 բաժին, շիշ թաուք՝ 15 բաժին, հայկական պանրի, մսային նրբախորտիկների, ձիթապտղի, ամառային բանջարեղենի լայն տեսականի: Սեղանին աղանդեր եւս եղել է՝ գաթա, փախլավա, միրգ, սուրճ եւ թեյ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունիսի 10-ին 70 հոգու համար նախատեսված ընթրիք է տրվել ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Ընթրիքի արժեքը կազմել է 2 մլն 235 հազար դրամ: Այստեղ ճաշացանկը բազմազան է եղել՝ Իշխան՝ չիչխանի սոուսով՝ 52 բաժին, օղի՝ 50 հատ, գառան խորոված, տավարի ֆիլե, պանրի, մսի, թթվի տեսականի, տարատեսակ աղցաններ եւ այլն: ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության անդամների համար նաեւ ֆուրշետներ են կազմակերպված եղել: Բոլոր ֆուրշետների համար ԱԳՆ-ն ծախսել է  4 մլն 378 հազար դրամ: Նախ՝ ԱԳՆ շենքում հունիսի 9-ին ֆուրշետ է կազմակերպված եղել 15 անձի համար՝ մակարոններ 60 հատ, մեկ բաժին չրի տեսականի, մեկ բաժին ընկուզեղեն, սեզոնային մրգի տեսականի, աղբյուրի ջուր, հանքային ջուր, սուրճ, թեյ:

Նույն օրը Բաղրամյան 26-ում՝ նախագահի նստավայրում  է հյուրասիրություն կազմակերպված եղել 60 անձի համար: Ձկան տեսականին եղել է՝ կարմիր ձուկ, կարմիր խավիար, ծովախեցգետին եւ յուղաձուկ. բոլորն էլ եղել են 60 բաժին: Սեղանին դրված է եղել մսային կանապներ, պանրի տեսականի, բուսականի տեսականի, աղանդեր, ըմպելիք:

Հաջորդ օրը նախագահի նստավայրում կրկին հյուրասիրություն է կազմակերպված եղել՝  20 անձի համար՝ ձկային տեսականի, մսային կանապեներ, պանրի տեսականի, աղանդեր եւ ըմպելիք: Նույն օրը նաեւ 90 անձի համար է նախատեսված ֆուրշետ եղել՝ ըմպելիք, աղանդեր, բուսական տեսականի, պանրի, մսի եւ ձկան տեսականի: Այսինքն՝ ստացվում է՝ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համար երկու օր կազմակերպված հյուրասիրություններըի համար ՀՀ ԱԳՆ բյուջեից հատկացվել է 6 մլն դրամից ավելի գումար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՊԵԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան) վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

 

 

 

 

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ArmLur.am-ը գրել էր, որ խորհրդարանի մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որոշում ունի Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկել պաշտոններից: ArmLur.am-ը այս մասով կապ հաստատեց Հակոբյանի հետ՝ լսելու նրա տեսակետ-մեկնաբանությունը:

Մեզ հետ զրույցում Հակոբյանը նախ նշեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ՔՊ խմբակցության տարբեր պատգամավորներ տալիս են տարատեսակ մեկնաբանություններ, որ իրավաչափ չեն առնվազն հետեւյալ հիմնավորումների տեսանկյունից. «Նախ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հիմքերը օրենսդրությամբ սահմանված չեն, ինչը նշանակում է, որ տվյալ մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասություն ունեցող խմբակցության հայեցողական լիազորությունն է իր կողմից առաջադրված մշտական հանաձնաժողովի լիազորությունների դադարեցումը։ Եթե լիազորությունների դադարման հիմքերը սպառիչ են, ապա լիազորությունների դադարեցման դեպքում գործում է թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող իրավունքի սուբյեկտի հայեցողությունը։ Այս համատեքստում Սահմանադրության տրամաբանությանը առնվազն հակասող կլիներ, եթե նույնպիսի անսահմանափակ հայեցողություն վերապահվեր նաեւ մյուս, այդ թվում՝ կայուն մեծամասնություն կազմող խմբակցությանը։ Վերը նշված մեկնաբանությունը բխում է ինչպես Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետով եւ 138-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումներից»:

Ի՞նչ հիմքով են պատրաստվում դադարեցնել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, եթե այդպիսի հիմքեր առհասարակ օրենսդրությամբ թվարկված չեն:

Նշենք նաեւ, ըստ Դոնթի բանաձեւի, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններին բաժին հասած մշտական հանձնաժողովներում պարտադիր պետք է ընդդիմադիր պատգավորներ նախագահեն, հետեւաբար եթե ՔՊ-ականները անգամ Հակոբյանին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշոնանկ անելու գործընթաց սկսեն, ապա ստիպած կլինեն կա՛մ թափուր թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, կա՛մ մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի ընտրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս