Դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը տարիներ շարունակ ծիրանափողի մեղեդիները տարածել է աշխարհով մեկ՝ հանրահռչակելով դուդուկն ու հայկական երաժշտությունը: Գասպարյանը, որը համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նվագել հեղինակավոր բեմերում, մահկանացուն կնքել է 2021-ի հուլիսի 6-ին ԱՄՆ-ում:
Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:
Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, ասում է՝ չի բացառվում, որ նվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին, որը նաեւ իր վարպետն էր:
«Պապս ասում էր, որ կարեւոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում: Պապս ասում էր, որ պանթեոնում թաղված շատ մեծերի հետ է հաղորդակցվել, ընկերություն արել: Այդտեղ հանգրվանել են մեծեր, որոնց հետ նաեւ ես եմ շփվելու պատիվն ունեցել: Նրանցից են Գեղամ Գրիգորյանը, Յուրի Վարդանյանը: Բոլորի հետ կապված հետաքրքիր պատմություններ կան»,- պատմում է կրտսեր Գասպարյանը:
Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր եւ այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը, համագործակցելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երեւանում:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ
Կայացել է ռեժիսոր Տիգրան Մետաքսի «Որս» ֆիլմի փակ պրեմիերան։ Սա երիտասարդ ռեժիսորի երկրորդ նախագիծն է։ Ըստ նրա՝ ֆիլմը հանդիսանալու է պիլոտային սերիա՝ 12-մասանոց նախագծի համար։ «Պատմության կարճ բովանդակությունը հետեւյալն է. եթե ցանկանում ես մի քանի կին պահել, միշտ զենքդ քեզ մոտ պահի՛ր,-կատակել է ռեժիսորը, որը նաեւ սցենարի հեղինակն է:- Ֆիլմն ունի հատուկ ոճ, որը ոգեշնչված է Տարանտինոյից, Գայ Ռիչիից. ցանկանում էի «ավազակային» մի բան անել: Մինչ այս սոցիալական դրամա էի նկարահանել, որը բոլորովին տարբերվում է այս ժապավենից»։
Կատակերգությունում կտեսնեք մի շարք հայտնի դերասանների. գլխավոր դերում Բաբկեն Չոբանյանն է, հանդես են գալիս նաեւ Լուիզա Ներսիսյանը, Մագա Հարությունյանը, Լենդ Մկրտչյանն ու Լեւոն Սարգսյանը։ Միջոցառումը վարում էր դերասանուհի Լիա Զախարյանը։
Ինչ վերաբերում է ռեժիսոր Տիգրան Մետաքսին, նա հանրահայտ դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի եւ ռեժիսոր Կիմ Արզումանյանի թոռն է, մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն ասում է՝ գեներն արթնացել են ու սկսել է ֆիլմեր նկարահանել։
Անդրադառնալով «Որս» ֆիլմի հետագա ճակատագրին՝ ռեժիսորը նշեց, որ դիտումից անմիջապես հետո մեկնելու են Իսպանիա, որտեղ ժապավենը պետք է ներկայացնեն միջազգային կինոփառատոնի։
ԽՈՐՀՈՒՐԴԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երեւանում է: Հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ։ Քննարկվել են ստեղծագործական եւ տեխնիկական հարցեր: «Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի եւ շոուի նախնական տարբերակները: Նաեւ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձեւավորվել է մրցույթի նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի եւ Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»,- ասել է Հ. Մովսիսյանը: Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը եւ Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը եւ համերգային ծրագրի որոշ մանրամասներ:
ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնական որոշում է ընդունել այս ամռանն ազատվել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարից։ Փարիզյան ակումբը պատրաստ է նաեւ վարձակալությամբ տրամադրել ֆուտբոլիստին այլ ակումբի եւ վճարել աշխատավարձի մի մասը: Լիարժեք տրանսֆերից ՊՍԺ-ն ակնկալում է առնվազն 50 միլիոն եվրո։ Նեյմարին ձեռք բերելու ցանկություն ունեն Լոնդոնի «Չելսին», Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։
100 ՄԼՆ ԵՎՐՈ
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրեգ Կլոպը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։ Գերմանացի մասնագետը «Լիվերպուլի» ղեկավարությանը խնդրել է արդեն այս ամռանը զբաղվել 18-ամյա խաղացողի տրանսֆերով։ Անգլիական ակումբը «Բորուսիային» կառաջարկի 100 միլիոն եվրո: Անցած ամռանը Ջուդ Բելինգեմը անգլիական «Բիրմինգեմ Սիթիից» «Բորուսիա» է տեղափոխվել 23 միլիոն եվրոյի դիմաց։ Ավարտված մրցաշրջանում նա «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Լավագույնն է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն՝ 58 միավոր: 56 միավորով երկրորդ տեղում է մրցաշրջանը «Արարատում» եւ «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն: 28 միավորով երրորդն է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը: