Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. վնասվել է վարչական շրջանի ղեկավարի մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:

Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:

Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:

Խաղաղության դարաշրջան…»:




Լրահոս