ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը: Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնում որոշման հետ:

«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմը: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը:

Նրա կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է Բրեդ Շերմանը:




Լրահոս