ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունը Հայաստանի իրավական հիմքն է և օրինականության խորհրդանիշը: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրենքով պաշտպանված քաղաքացին է:
Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, գործնականում մնում են չկիրառված և դառնում պատճառ մեր հասարակության և պետության մեջ լրջագույն հակասությունների։
Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ամուր իրավակարգի, անկախ դատական համակարգի և հասարակական համերաշխության, որի համար պատասխանատու ենք բոլորս, առաջին հերթին` օրվա իշխանությունը, որն էլ հենց խորացրեց այս հակասությունը՝ շրջափակելով Սահմանադրական դատարանի, դատարանների շենքերը, իսկ այսօր այդ համակարգը ծառայեցնելով սեփական շահին։
Օրենքի, իրավունքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը այսօրվա Հայաստանում չպետք է լինի երազանք: Իսկ սահմանադրական բարեփոխումներն էլ պետք է իրականացվեն քաղաքական ուժերի փոխհամաձայնության մթնոլորտում, լիարժեքորեն ընկալվեն և աջակցություն գտնեն ամբողջ հանրության կողմից, ոչ թե ընդունվեն կեղծիքներով:
ՀՀ Սահմանադրություն ունենալը մեր նախնիների փափագն է եղել, ինչը մենք պարտավոր ենք փայփայել այսօր, վաղը և միշտ»: