Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից սպանվածի հայրը Բունդեսթագից աջակցություն է ստացել. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Ըստ ամենայնի՝ նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ եւ այլ կոնկրետ հարցադրումներ:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։

Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

Հավելենք, որ Սոնա Մնացականյանի հայրը հայտնել էր, որ Սոնայի մահից հետո այցելել է դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ է արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկը ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: «Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարցուփորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկը չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»:
Քնար Մանուկյան




Լրահոս