Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, լիաթոք կտրվել առօրյա եւ աշխատանքային հոգսերից: Երգիչ Արամ mp3-ին ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց ամառային հանգստի պլանների մասին:
Արամ mp3-ին այս տարի ամառային հանգստի չի մեկնի, պատճառը ծանրաբեռնված աշխատանքն է:
«Ես իմ հանգիստն արդեն վայելել եմ գարնան վերջին ամսին՝ մայիսին, ամռան ամիսներին հատուկ հանգստի չեմ մեկնում, աշխատում եմ, իսկ երեխաներն իհարկե գնում են հանգստանալու տարբեր հետաքրքիր վայրեր, օրինակ տղաներից մեկը գնացել է ճամբար, իսկ մյուս տղաս գտնվում է տատիկ պապիկի մոտ ամառանոցում, իսկ ես եւ կինս շաբաթ կիրակի գնում ենք իրենց տեսնելու, բայց մնալ ցավոք չենք կարող, քանի որ աշխատանքի ենք»,-նշեց երգիչը:
Արամ mp3-ին մեզ հետ զրույցում ասաց, որ ակտիվ հանգստի սիրահար է, եւ նախընտրում է հանգիստն անցկացնել բնության գրկում, այլ ոչ թե ծովի ափին, տաք արեւի տակ:
«Ես սիրում եմ ակտիվ հանգիստ, պասիվ հանգստի սիրահար չեմ: Ծովը երբեք ինձ չի գրավում, գնալ երկար պառկել արեւին իմը չէ, կգնամ երկար ափով կքայլեմ, բայց չեմ պառկի: Ես շատ եմ սիրում ակտիվ հանգիստ, իսկ Հայաստանն էլ բոլոր հնարավորությունները տալիս է, հեծանիվ քշել, քայլել, լեռներ բարձրանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան