Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:
Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների
տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
Ա. Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:
Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին: