ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 43

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի մայիսի 8-ին «Ելք» խմբակցության անունից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։ Ի հակադրություն Փաշինյանի խոստման՝ հեղափոխությունից հետո գյուղատնտեսության անկումը շարունակվեց։ Եթե 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 15 տոկոսը, ապա 2020-ին՝ ընդամենը 11.7 տոկոսը։ Այս ընթացքում կտրուկ նվազել են նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները։ 2017 թվականին Հայաստանում մշակվում էր 294,500 հա հողատարածք, իսկ նախորդ՝ 2020 թվականին մշակվող ցանքատարածությունների մակերեսը կազմել էր 222,700 հա։ Ավելին՝ հենց գյուղատնտեսության զարգացումը խրախուսող վարչապետի օրոք այդ նախարարությունը փակվեց եւ միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, որը մեծ քննադատությունների առիթ հանդիսացավ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումն իրականություն չդարձավ. նա կրկին խաբել է ՀՀ քաղաքացիներին:

 

 

 

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: «Վիճարկենք այն նույն դատարանում, որ ծանր վիրավորանքի՝ քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրակա՞ն ճանաչեց: Չենք դիմելու»,- ընդգծեց Վարդեւանյանը: Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները հենց ընտրությունների վիճարկման հայցով սկսել, այնուհետ զարգացրել էին ՍԴ դիմելու պրակտիկան: Մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը, հենց Վարդեւանյանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տասնյակից ավելի հայցերով դիմել է մայր դատարան, իսկ հիմա մարտավարությունը փոխվել է: Արդյունքում քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», միանգամից ու անարգել կարող է զրկել ընդդիմադիրներին պաշտոններից: Վաղը, մյուս օրը, փաստորեն, մի բաժակ ջուր խմելու հանգստությամբ իշխանությունը կարող է նաեւ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել, ինչի առիթով ներքին քննարկումները սկսել են արդեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, եւ գործերը՝ քննվում: Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր: Եվ, ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են եւ սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաեւ, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհագիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տեւած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել:

 

 

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ»  օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր եւս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրերն այս պահին հստակություն չունեն, եւ զուգահեռ նաեւ զբաղվածության ռազմավարության մշակման փուլում ենք»։ Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։ Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել  են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել:

 




Լրահոս