Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ այսօր ՀՀ Զինված ուժերի աշխատանքներն առավել քան փակ են: Որպես օրինակ նշում է հանգամանքը, որ երբեւէ չի պատահել, որ ՊՆ-ն չպատասխանի լրատվամիջոցների հարցումներին, ավելին՝ լրագրողներին արգելի Հայաստանի սահմանամերձ գյուղեր այցելել: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո բանակի վերազինմանն ուղղված աշխատանքներին, ապա, Վրթանեսյանի գնահատմամբ, իրական աշխատանքներ չեն տարվել: Ի տարբերություն Հայաստանի, որ պատերազմից հետո որեւէ զորավարժություն չի արել, Ադրբեջանը մի քանի մեծ զորավարժութուն է արել, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Պատերազմից հետո բանակի բարեփոխման մասին նաեւ որեւէ քննարկում չի եղել, իսկ դա, ըստ փորձագետի, կապված է այն հանգամանքի հետ, որ այսօր Պաշտպանության նախարարությունում ոչ կոմպետենտ մարդիկ են պաշտոնավարում: «44-օրյա պատերազմից մոտ երկու տարի անց,- ասում է մեր զրուցակիցը,- հայկական դիրքերը պաշտպանված չեն: Զինծառայողները վրաններում են քնում, ու, որ ամենաողբերգականն է, վիրավորում ստացող զինծառայողը, պատահում է, որ ժամանակին բուժօգնություն չստանալու ու արնաքամ լինելու պատճառով է մահանում»:
-Անդրադառնալով բանակաշինության հարցերին՝ Ձեր խոսքում արդեն ասացիք, որ պատերազմից հետո բանակաշինության մասով, կարելի է ասել, փոփոխություններ չեն արվել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Պատերազմից հետո Ադրբեջանը տասնյակ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ համատեղ, իսկ Հայաստանում որեւէ նման բան չի արվել: Դուք տեսնում եք գնումների վերաբերյալ բարեփոխումների մասին հայտարարություններ, բայց որեւէ բարեփոխումների մասին մանրամասներ չկան, իսկ նախկինում, որքան էլ փակ լիներ, գոնե մասնագիտական քննարկումներ լինում էին: Կարեւոր պահերից է այն, թե ովքեր են մարդիկ, որոնք ղեկավարում են մեր պաշտպանության ոլորտը. դրանք մարդիկ են, ովքեր բավականին հեռու են այդ ոլորտից: Հիշեցնեմ, որ նույն Պաշտպանության նախարարությունում քանի ղեկավար են փոխվել պատերազմից հետո. Սուրեն Պապիկյանը չորրորդն է, եթե չեմ սխալվում, նաեւ նշեմ, որ ամիսներով տեղակալներ չեն նշանակվել: Ո՞նց կարող է աշխատել համակարգը, եթե ղեկավար չունի, ու անընդհատ մարդիկ են փոփոխվում. այսպիսի պայմաններում չեն կարող որեւէ բարեփոխումներ արվել, իսկ սա բանակաշինություն չէ, այլ բանակաքանդություն է:
-Ի՞նչ ամրաշինական աշխատանքներ են արվել:
-Գովազդում են՝ իբրեւ պաշտպանական մեծ ձեռքբերում ունենք՝ այսպես կոչված, հայկական առաջին արբանյակի թեման, որը իբրեւ սահմաններ պետք է պաշտպանի, հետախուզական տվյալներ հայթայթի եւ այլն: Եթե ես լրագրող լինեի, հարց կտայի բոլոր պաշտոնյաներին, թե ինչ եղան այդ արբանյակից արված լուսանկարները անգամ Հայաստանի որեւէ տեսարժան վայրերից որակը տեսնելու եւ արժեքը հասկանալու համար: Այդ գումարները, որոնք ծախսվում են, որոնց մասին խոսվում է, հարկատուների գումարներն են: Մի ամսից ավել է, ինչ ոչ մի լուսանկար չի հրապարակվել: Թաքցվում է, թե ինչ գնով են գնել, ինչ չափի գումարներ են նախատեսել արբանյակը ձեռք բերելու համար: Արդյոք դա այդքան արժե՞ր, եւ, ի վերջո, որ գործարկել են, արդյունքներն ո՞ւր են: Ժողովրդին խաբում են, ասում են՝ սահմաններն են վերահսկում: Դա բավական չէ թշնամու տեխնիկան տեսնելու եւ շարժերը հասկանալու համար: Լավագույն դեպքում խոշոր ճանապարհներ կարելի է տեսնել, որն առանց այդ ել երեւում է: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տեղեկատվությունը ոչ թե թշնամուց են թաքցնում, այլ Հայաստանի բնակիչներից: Թուրքը շատ լավ տեսնում է, թե ինչպիսի դիրք է իր դիմաց. բանակը կրճատվել է, դիրքերը կիսադատարկ են: Անգամ նրանք տեսանկարահանում են, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զինվորները: Արդեն երկու տարի է անցել պատերազմից, իսկ բանակը մինչ հիմա կահավորված չէ եւ պաշտպանված չէ: 17 ժամ կյանքի համար պայքարող զինվորին, չգիտես՝ ինչ պայմաններում տեղափոխում են, եւ զինվորը արնաքամ է լինում: Չեն կարողանում դիրքերից ժամանակին հիվանդանոց հասցնել: Զինվորները թշնամու դիմաց վրաններում են քնում: Ու՞ր են մեր բարեփոխումները: Սա բանակաքանդություն է բառիս բուն իմաստով:
-Ինչպե՞ս եք Դուք ծանոթանում տեղեկատվությանը: Բա՞ց է արդյոք այդ ամբողջ տեղեկատվությունը ստանալու համար:
-Այսօր Զինված ուժերը շատ ավելի փակ է, քան նախկինում: Երբեք այսպիսի բան չի եղել, որ, օրինակ, լրատվամիջոցների գրեթե ոչ մի հարցմանը չպատասխանեն ամիսներով կամ որեւէ պատասխան չտան ամիսներով, պատասխանները ու հարցումները կորչեն, երբեք չի եղել, որ լրագրողներին արգելեն սահմանամերձ գյուղեր այցելել: Այսօր Հայաստանում տարածքներ կան, որտեղ հայերի համար մուտքն արգելված է, բայց այդ մասին գրեթե ոչ ոք չգիտի. ամենայն հավանականությամբ, լրագրողներին անգամ մոտ չեն թողնում: Այս մասին կարելի է իմանալ, ինչու չէ, նույն Զինված ուժերի հաղորդագրություններից: Որեւէ մեծ, լուրջ զորավարժություն չի եղել, ինչքան եղել են հաղորդագորություններ, այլ եղել են շատ ցածր ստորաբաժանումների մակարդակով:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նախօերին թշնամին կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ։
«Երեկ՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան։ Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, որը հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ: Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ: Խաղաղության դարաշրջան…»,-գրել է Թագուհի Թովմասյանը։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան:
ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԿԴՆԻ
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանը, ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց ու պաշտոնանկ արեց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պատգամավորական մանդատը վայր կդնի: «Նա կլինի «Հայաստան» խմբակցության՝ մանդատը վայր դնող հաջորդ պատգամավորը Արթուր Ղազինյանից հետո»,- ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ պատգամավոր Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ հարցին այժմ չի անդրադառնա: «Այդ մասին սեպտեմբերին կխոսենք»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը:
Նշենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, պատգամավորական մանդատը վայր դնող, «Հայաստան» խմբակցությունը լքող պատգամավորներ առաջիկայում էլի կլինեն: Նրանցից ոմանք նաեւ քաղաքական դաշտը կլքեն ու կվերադառնան իրենց հիմնական գործին:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԿՆՈՋԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա մարմնավաճառության նպատակով Հայաստանի Հանրապետությունից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ Հայաստանում բնակվող մոր՝ Սուսաննա Հրանտի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով նրա ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց, ապա՝ 2012 թվականի դեկտեմբեր ամսին, Սուսաննա Պետրոսյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի բնակչուհի Արմինե Ավետիսյանը, պայմանավորվածության համաձայն, Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքի եւ ճանապարհածախսի գումարն ուղարկելուց հետո՝ 2012 թվականի դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով՝ կազմակերպել է Արմինե Ավետիսյանի տեղափոխումը Հայաստանից: Դուբայում նրան դիմավորելուց հետո Արմենուհի Պետրոսյանը օժանդակել է վերջինիս՝ պոռնկությամբ զբաղվելու համար ապահովել է հաճախորդներով, վարձատրության եւ այլ խնդիրների շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց հետ, ինչի դիմաց գույքային օգուտ ստանալով՝ շուրջ մեկուկես ամիս նպաստել է Արմինե Ավետիսյանի՝ պոռնկությամբ զբաղվելուն: