ՌԴ-Ի ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու՝ իրենց երկրի մտադրության մասին:

 

«Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում եւ Սլովակիայում վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, եւ ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն է՛լ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»,- ասել էր Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Բացի այդ, Կանադայի ԱԳ նախարարի խոսքով, հետեւելով Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը եւ հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաեւ Հայաստանում եւ կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը եւ մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:

«Այս դիվանագիտական ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- նշել էր Կանադայի ԱԳ նախարարը:

Ուշագրավ է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ներկայության եւ հնարավորությունների ընդլայնման մասին Կանադայի ԱԳ նախարարի հիմնավորումն առ այն, որ այս փոփոխություններն է՛լ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին, տարածել էր նաեւ Հայաստանի պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը: Նրան էին հետեւել նաեւ այլ լրատվամիջոցներ:

ՌԴ արձագանքը, ինչպես եւ սպասելի էր, չուշացավ: Քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջով տարածվեց ՌԴ դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը:

«Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղեկատվությանը: Ամեն ինչ նորմալ է, միայն թե տարակուսանք է հարուցում այն, որ, համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու քամահրական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, ում հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը: Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության վրա»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

Ըստ ՌԴ դեսպանատան՝ այս սյուժեն ցուցադրական է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը:

«Հենց այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ այդ ամբարտավան եւ երբեմն էլ մեծամիտ վերաբերմունքն է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ՝ սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի եւ գարու, այդ թվում՝ ցորենի եւ գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից: Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է ԱՀ ներքին գործերի նախարարությանը եւ ԱՀ պետական եկամուտների կոմիտեին:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ

Հուլիսի 3-ին ուշագրավ դեպք է եղել Գորիս քաղաքում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մաշտոցի փողոցի բնակարաններից մեկում ինքնասպան է եղել Լ. Մանուչարյանը նկուղում կախվելու միջոցով: Հարազատներն ու հարեւանները շտապօգնություն են կանչել, որ օգնեն տիկնոջը, սակայն մինչ շտապօգնության հասնելը կինը մահացել է: Բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ տիկին Լիդան շատ համեստ ու բարի կին էր, եւ չեն հասկանում՝ ինչու գնաց այդ քայլին:

 

 

 

ՄԱՆԴԱՏԸ ԿՎԵՐՑՆԻ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ «Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։ Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական եւ հատկապես արտաքին քաղաքական օրակարգում ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։ Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից՝ որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր՝ պատրաստ եմ եւ պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներին հետեւողական լինելու համար»,-ասել է նա։

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը»։ Ոմն գործիչ, որն իրեն «պատմաբան» եւ իշխանությունների պատվիրած «Թեփեբաշի թաղամասի՝ Երեւանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» «հետազոտության» հեղինակ Սաբուհի Հուսեյնով է անվանել, պնդում է, որ Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է։

 

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 43 մլրդ 620 մլն դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 67.6 տոկոսով ավելացել է: Ի դեպ, նշենք, որ այս ցուցանիշները ներառում են ինչպես մասնագիտացված առեւտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը: Բացի այս, ավտոշուկայում ոչ միայն ավտոմեքենաների գներն են բարձրացել, այլեւ առեւտրի ծավալներն են աճել:

Նկատենք, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն ավելացել է 1.5 տոկոսով, այսինքն՝ մեր հանրապետությունում հունվար-ապրիլին առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 86 մլրդ 599 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7.8 տոկոսով: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 584 մլրդ 161 մլն դրամ: Մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին կազմել է 584 մլրդ 161 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 10.1 տոկոսով: Օրինակ, կրպակների դեպքում պատկերը տխուր է. առեւտրի ծավալները նվազել են 9.7 տոկոսով: Այս դեպքում նվազման այլ պատճառ է շրջանառվում. ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երեւանում մանր խանութները, կրպակները կամաց-կամաց փակվեցին: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ գյուղատնտեսական շուկաներում եւս մտահոգիչ ցուցանիշներ են. այստեղ առեւտրի ծավալները պակասել են 9.4 տոկոսով:

 

 

 

ԱՂՔԱՏԻԿ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 4-ի որոշման համաձայն՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ (հիմնականում՝ վերին էշելոնի) կոչումներ են ստացել: Նրանց թվում է նաեւ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Սամվելի Ատոմյանը: Նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Ուաշգրավ է, որ 36-ամյա նորընծա գեներալ-մայորի կենսագրությունն ընդամենը 11 տող է, կենսագրության բառերի քանակը 116 է:

Այսօր Սերգեյ Ատոմյանի ծննդյան տարեդարձն է. դառնում է 36 տարեկան: Ծննդյան օրվա համար այսպիսի նվեր նա անգամ պատկերացնել չէր կարող՝ հաշվի առնելով իր աղքատիկ կենսագրությունը:

 




Լրահոս