4 ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ հանգամանքեր է հայտնում նրա վերաբերյալ քրեական գործով, թե ինչ է կատարվում եւ, ի վերջո, ինչու գործարարին չեն թողնում գալ Հայաստան:

 

Հունիսի 8-ին ՀՀ քնչական կոմիտեն հայտարարություն էր տարածել Դոն Պիպո մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանի վերաբերյալ: Մասնավորապես, կոմիտեն նշել էր, որ Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ասատրյանը 2018 թվականի հունիսին կալանավորվել էր, սեպտեմբերին` ազատ արձակվել։

«Պարզվել է, որ Դոն Պիպո մականվամբ Ա.Ա.-ն եւ վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Էջմիածին քաղաքում ստեղծել եւ ղեկավարել են հանցավոր համագործակցություն։ Կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաեւ, որ իրենց գործունեությունը քողարկելու եւ կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրեւ պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն։ Դոն Պիպոն աշխատանքի վերցնելու պատրվակով անձամբ եւ իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել է որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Հավաքագրված մասնակիցների թվում է եղել Սենսեյ Արթուր մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Էջմիածնի շուկայի տնօրեն Ա.Մ.-ն, որոնք կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու: Նրանք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական եւ ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով՝ պահել են տարբեր վայրերում:

Դոն Պիպոյի եւ նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հաշվեհարդար տեսնելու՝ սպանելու համար Սենսեյ Արթուրը Ռուսաստանում եւ ՀՀ-ում պատվիրել է սպանել 3 անձի։

Այդ նպատակով պայմանավորվածություն են ձեռք բերել 2 ծանոթների հետ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ եւ սկսել են վերջիններիս մարզել, սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը։

Դոն Պիպոյի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում, իսկ եւս 7 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԵՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթացող Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով  դատավարության  հուլիսի 1-ի նիստը հերթական անգամ հետաձգվել է։ Հ. Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը հատնեց, որ քրեական գործով մեղադրողը  դատարանին հայտնել է, որ  հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել  ՀՀ  քրեական օրենսգրքի փոփոխությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հ. Մանուչարյանին առաջադրված քրեական մեղադրանքի հոդվածների թվերը փոփոխել։ Դատախազը  դատարանից այդ կապակցությամբ ժամանակ է խնդրել։ Դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 6-ին։ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով։ Հ. Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ դրանք համարելով սարքովի, շինծու։  Նա 2021թ. նոյեմբերի 9-ից անազատության մեջ է, նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդությունները  դատավոր Սամվել Մարդանյանի կողմից մերժվել են։

 

 

ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՆԳԱՆԱԿԵԼ

«Բերդավան» բարեգործական  հիմնադրամը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ 2022թ. հունիս ամսվա ընթացքում հիմնադրամին հանգանակվել է ընդհանուր 430 հազար  դրամ։ Հիմնադրամը տեղեկացնում է, որ այդ գումարը կծախսվի Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար, նոր ուսումնական տարում    Բերդավանի միջնակարգ դպրոցը կունենա  հիմնանորոգված, գեղեցիկ միջանցք։ Առաջիկա օրերին Կարմիր խաչի եւ «Բերդավան» հիմնադրամի միջոցներով   կսկսվեն  դպրոցի  շենքի  վերանորոգման աշխատանքները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բազմաթիվ գյուղերի հանրակրթական դպրոցների շենքեր վերանորոգման խիստ կարիք ունեն, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում այդ նպատակով։ Հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի  միջնակարգ դպրոցի շենքի տանիքի նորոգումը շուրջ 2 տարի կիսատ է,  այդ նորոգման համար գումարը հանգանակվել էր Ռուսաստանի  Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիների կողմից։ Սահմանամերձ Ոսկեվանի միջնակարգ դպրոցի դասասենյակների հատակը վատ վիճակում է, պատերի սվաղը՝ թափված, դասասենյակների լուսավորության համակարգը՝ մաշված։ Սահմանամերձ Ոսկեպար գյուղի միջնակարգ դպրոցն ունի ջեռուցման արդի համակարգ տեղադրելու խնդիր։ Տավուշի մարզի համայնքների  հանրակրթական շատ դպրոցների շենքեր  ունեն վերանորոգման կարիք, սակայն այդ խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը Արցախի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու եւ գործարկելու առաջարկությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից: «Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը  եւ հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների եւ բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը՝ ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը Արցախի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու եւ գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երեւույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու եւ փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության եւ պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաեւ թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: «Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ: «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատեւ տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող եւ փոշենման զանգվածներով փաթեթներ: Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում: Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի եւ դեղահաբի նմանվող հատիկներ: Խուզարկության է ենթարկվել նաեւ քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, եւս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

 

 




Լրահոս