Ավտոմոբիլային ճանապարհի վրա, որը կապելու է Գյանջա քաղաքը Քելբաջարի հետ, կառուցվում է աշխարհի ամենաերկար թունելներից մեկը։ Այն անցնելու է Մուրովդաղի լեռնաշղթայի տակով։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք դեպի Քելբաջար տանող մի քանի կիլոմետրանոց թունելը, և ինչո՞ւ է այն կառուցվում՝ շրջանցելով Լեռնային Ղարաբաղը։ Փորձագետի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը չի խանգարում, բայց միաժամանակ առաջացնում է լուրջ հարցեր։ Այդպես է սկսել իր նյութը jam-news.net կայքը, որը նորություններ է հրապարակում Կովկասի մասին: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև: Ամբողջական հոդվածը՝ այստեղ:
11 կիլոմետր երկարությամբ թունել
2021 թվականի օգոստոսի 16-ին, այսինքն՝ 44-օրյա պատերազմի ավարտից ինը ամիս անց հիմքը դրվեց թունելի՝ ճանապարհի մի մասի, որը պետք է կապի Գյանջա քաղաքը (Ադրբեջանի երկրորդ կարևորագույն քաղաքը) Քելբաջարի հետ։
Թունելի երկարությունը կկազմի 11658 մետր, Ադրբեջանի իշխանությունների հավաստիացմամբ՝ այն դառնալու է աշխարհի ամենաերկար ավտոմոբիլային թունելներից մեկը։
Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2025 թվականին։
Ադրբեջանի ինչի՞ն է պետք այս թունելը
Փորձագետ Նազիմ Համիդովի կարծիքով՝ այս թունելի կառուցումն ու շահագործման հանձնելու տարին ինքնին միանգամից մի քանի հարց են առաջացնում։
«Եկեք անկեղծ լինենք, լեռան տակ գտնվող գրեթե 12 կիլոմետր երկարությամբ թունելը հսկայական նյութական ներդրումներ է պահանջում։ Եթե այլ կերպ ասենք, Ադրբեջանի համար դա իմիջի կամ մեկ ուրիշ հարց չէ, պարզապես այլ տարբերակներ չկային։
Եթե նայենք քարտեզին, ապա արևմտյան կողմից Քելբաջարի շրջանը սահմանակից է Հայաստանին, հարավից՝ Լաչինի շրջանի հետ, որը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց Լաչինի շրջանով անցնում է 5 կիլոմետր լայնությամբ միջանցք, որը կապում է Հայաստանը Խանքենդիի (Ստեփանակերտ) հետ։ Խնդրահարույց է նաև արևելյան կողմը․ հին ճանապարհն անցնում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարածքով։
Անխոչընդոտ հաղորդակցության համար մնում է միայն հյուսիսային ուղղությունը։ Բայց…
Թունելը շահագործման կհանձնվի միայն 2025 թվականին։ Ինչպես հիշում ենք, նույն տարում լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։ Պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ իշխանությանը մոտ կանգնած տարբեր անձանց շուրթերով հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել խաղաղապահ առաքելությունը շարունակելու մասին պայմանագիրը Մոսկվայի հետ։ Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանագիրը դեռ չի վավերացվել երկրի խորհրդարանի կողմից։ Եթե հետևենք օրենքի տառին, ապա խաղաղապահներն ապօրինի են գտնվում ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքում։
Ն.Հ.