ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծածավալ ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022 թթ. ընթացքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները:
Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում: Մասնավորապես, թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց:
«Տելեգրամյան» նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձանցից ձեռք բերված թմրամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին:
Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգագործել է իր՝ BOB Marley անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդկերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին:
Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանառության օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ ՀՀ դրամը:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության արդյունավետ համագործակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։