Արցախի հանրային հեռուստատեսությունը սկսել է երկար սպասված բարեկարգման եւ տեխնիկական վերազինման գործընթացը, որն իրականացվում է պետական միջոցներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստատեսությունից՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ, նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:
Մասնավորապես՝ կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները:
Արդյունքում Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ և տեխնիկական հնարավորություններ` հիմքեր ապահովելով ավելացնելու եթերաժամանակը, իսկ ավելի ուշ՝ նաեւ շուրջօրյա հեռարձակման անցնելու համար:
Բարեկարգման, տեխնիկական վերազինման աշխատանքները պատշաճ և ողջ ծավալով իրականացնելու համար հանրային հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը:
Այդուհանդերձ՝ Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացումներին, իսկ լրագրողների պատրաստած տեսանյութերին հնարավոր է հետևել հեռուստատեսության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում: