Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության ղեկավարի տեղակալ Ջալիլ Էսլամին հայտարարել է Ռուսաստանի հետ ապրանքների տարանցումը մինչև 30 մլն տոննա ավելացնելու հնարավորության մասին։
Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային համապարփակ պլանը ստորագրվել է այս տարվա ապրիլին։
«Իրանի հյուսիսում գտնվող 5 նավահանգիստները ընդհանուր պոտենցիալ ունեն 35 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար: Երկրի նավահանգիստների թողունակությունը նույնպես գերազանցել է 270 մլն տոննան»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավագնացությունը, ներդրումները, ապրանքների փոխադրումները, ծովային ու նավահանգստային ծառայությունները։
Էսլամին խոսել է նաև Աստրախանի նավահանգստում Իրանի ներդրումների մասին՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը նախատեսում է ներդրումներ կատարել նաև այնպիսի երկրների նավահանգիստներում, ինչպիսիք են Օմանը, Կատարը և Հնդկաստանը։
Նա Իրանն անվանել է Ռուսաստանի համար բեռնափոխադրման ամենակարճ, անվտանգ և ամենաէժան ուղիներից մեկը։