Արցախում 377 ընտանիք բնակարանամուտ է տոնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 377 ընտանիք տուն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Որպես հաշվետու ժամանակահատված է դիտարկվել է 2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիսը։

«377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ կոմիտեի տվյալների՝ բնակարանների մեծ մասը՝ 312-ը, տրամադրվել է մայրաքաղաք Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախն առաջիկա 3 տարում նախատեսում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների և զոհվածների ընտանիքների համար։




Լրահոս