Խոլերայով վարակվելու մեկ ենթադրյալ դեպք է հայտնաբերվել Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Այս մասին կիրակի հայտնել է չինական տեղեկատվական պորտալը, փոխանցում է TASS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ հիվանդը հայտնաբերվել է Ուհանի համալսարանի ինժեներական ֆակուլտետի հանրակացարանում։ Շենքում բնակվող բոլոր ուսանողներին ուղարկել են թեստավորման։
Ինչպես հրատարակությանը հայտնել են համալսարանի վարչակազմում և Ուհանի մունիցիպալ շրջանի առողջապահության կոմիտեում, թեստավորման վերջնական արդյունքները դեռևս չեն ստացվել:
Միևնույն ժամանակ, Ոըհանի համալսարանի վարչակազմը կիրակի օրը իր կայքում հրապարակել է հատուկ ծանուցում ամառային սեզոնի աղիքային հիվանդությունների կանխարգելման մասին: Աշխատակիցներին և աշակերտներին կոչ են արել բժշկական անձնակազմին տեղեկացնել այնպիսի ախտանիշների առաջացման մասին, ինչպիսիք են լուծը և փսխումը: Նրանց նաև հիշեցրել են միայն եռացրած խմելու ջուր օգտագործելու անհրաժեշտության մասին և կոչ արել զերծ մնալ հում սննդից և ծովամթերքից:
Խոլերան սուր ինֆեկցիոն հիվանդություն է, հարուցչի ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմով, դեհիդրատացիայի և դեմիներալիզացիայի զարգացմամբ ջրային փսխման և լուծի հետևանքով: Վարակը սովորաբար փոխանցվում է վարակված ջրի կամ ծովամթերքների միջոցով: Խոլերայի բռնկումները պարբերաբար տեղի են ունենում Ասիայի և Աֆրիկայի անբարենպաստ երկրներում, ինչն առաջին հերթին կապված է բնակչության զգալի մասի մոտ պատշաճ կերպով մշակված խմելու ջրի մշտական հասանելիության բացակայության հետ: