«Փլուզում չի եղել, բայց ժողովուրդը խուճապի եւ վախի մեջ է». ինչ իրավիճակ է Շիրակի գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վնասներ չենք կրել, բայց շատ ուժեղ զգացել ենք: Այս պահին  էլ ամեն ինչ խաղաղ է, դե մեզ մոտ հաճախակի է լինում, արդեն սովորական է դարձել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սարագյուղ Վարչական պատասխանատու Գրիգորյան Գրիգորը:

Իսկ ահա Ամասյայի վարչական ղեկավար Ջեմմա Հարությունյանը էլ մեզ հետ զրույցում ասաց, որ փլուզում չի եղել, բայց ժողովուրդը խուճապի եւ վախի մեջ է:

«Շատ անհանգստացած ենք, հատկապես Ամասիայի կենտրոնում գտնվող բազմահարկ շենքի համար, որը նման ցնցումներից խարխլվում է եւ ամրակայման աշխատանքներ են պետք իրականացնել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Դրանից հետո տեղական ժամանակով ժամը 09:10-ին  Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է եւս մեկ երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով, ուժգնությունը էպիկենտրոնում՝ 5 բալ:

Իսկ ժամը 10:14-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս