Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձորում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ծաղկաձոր քաղաքի բնակչի (ծնված 1974 թ.)` բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, «Հրազդանի ԲԿ» ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. հուլիսի 10-ին` ժամը 21:00-ին:

Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր:

Ձեռնարկվում են միջոցներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս