Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող
խորհրդի նիստ:

Ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6
ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը: Զեկուցվել
է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի
ներդրման շարունակականության ապահովում: Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն
Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում: Վերը նշված 4
մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ,
պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող:
1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը, Ոստիկանության
զորքերի վերակազմակերպման, Ազգային գվարդիայի ստեղծման աշխատանքներին: Պատասխանատուները վստահեցրել
են, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Քննարկվել են նաև ոստիկանության մարզային վարչությունների գործունեությանը և տարածքային ստորաբաժանումների նոր մոդելին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումներով նախատեսվող բոլոր միջոցառումների
արդյունավետ իրականացումը և ընդգծել Պարեկային ծառայություն կանանց ներգրավվածության ընդլայնման
ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Այս առումով, կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:




Լրահոս