«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ 120 ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում: «Երեսուն տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԱՀԿ-ին՝ կարեւորելով կազմակերպության նպատակներն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները». այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Նա նաեւ նշել է. «Մենք համոզված էինք, որ մեր հանձնառություններն ու նպատակները կիսում են բոլոր անդամ երկրները, եւ անհերքելի հեղինակություն ունեցող այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, երկակի ստանդարտները տեղ չունեն։

 

Ցավոք, այս համուզումը խաթարվեց, երբ առերեսվեցինք ցավալի իրականության հետ. ԵԱՀԿ-ն ի զորու չեղավ դատապարտել 2020թ. աշնանը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան, ուր բացահայտ էր զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը:

ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ էր իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ վարելով էթնիկ զտումների քաղաքականություն, գործածելով քիմիական զենք եւ կասետային ռումբեր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց անմարդկային արյունահեղությունը, սակայն, հակառակ ադրբեջանական պաշտոնական շրջանակների պնդումներին, հակամարտությունն իր քաղաքական լուծումը չի ստացել։ Ըստ էության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել, եւ դրանք պակաս կարեւոր չեն, քան Արեւելյան Եվրոպայի անվտանգային խնդիրները։ Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, շարունակում է էթնիկ զտումների, մշակութային եւ պատմական հուշարձանների յուրացման եւ ոչնչացման քաղաքականությունը, ագրեսիվ ատելության հռետորաբանությունն ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի։

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել։ Ցանկացած համաձայնություն, որը կառուցվում է ուժի կիրառությամբ, հարկադրաբար եւ, ժողովրդի կամքին հակառակ, գեներացնում է նոր բախումներ ու ագրեսիայի հնարավորություն ստեղծում։ Մի ողջ ժողովրդի կյանքի եւ ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին, ոչ էլ կարել է այդ ժողովրդին տարածաշրջանային կամ համաշխարհային դերակատարների միջեւ տարաձայնությունների պատանդ դարձնել: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդի հիշողության մեջ դաջված են աշխարհաքաղաքական այսպիսի շահերի սարսափելի հետեւանքները։

Այս համատեքստում կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա»։

 

 




Լրահոս