Արդեն մի քանի օր է` համացանցում բուռն քննարկում են, թե սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։
ArmLur.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը, թե ոչ: Ի պատասխան՝ երգիչը նշեց, թե այդ լուրերը ճիշտ են, եւ նա իսկապես ելույթ կունենա Անկախության տոնին հրապարակում: Նա նշեց, թե ավելին ասել չի կարող, սակայն մեծ ծրագրով է ներկայանալու:
«Այս լուրերը ճիշտ են, ես պետք է ելույթ ունենամ Անկախության տոնին: Ավելին ասել այս պահին չեմ կարող, միայն կասեմ, ար մեր անկախության 30-ամյակին պատրաստ եմ իմ ազգի համար շատ լավ ու մեծ ծրագրով ներկայանալ»,-կարճ հավելեց Սպիտակցի Հայկոն:
Իսկ, ահա, երգչի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե Սպիտակցի Հայկոյին հրապարակում «երգեցնելու» գաղափարի հետեւում կանգնած է վաչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց.
«Ի՞նչ է, Նիկոլը պրոդյուսեր է, որ Հայկոյին համերգ դնի: Բոլորին կարող եք հանգիստ պատասխանել, որ պետք չէ քաղաքականացնել: Հայկոն ամենահայտնի, հայրենասեր հայերի ցանկում է, ու Անկախության տոնին լուրջ համերգ ենք ունենալու ողջ հայ ազգի համար: Կապ չունի մարդու կուսակցական պատկանելիությունը: Այդ օրը երգելու է ազգային ազգագրական սիրված երգեր մեր հայ ժողովրդի համար, մեր զինվորների համար, որ բոլորը կարողանան գալ եւ ուրախանալ: Սա ի՞նչ քաղաքական մանիպուլյացիա է, երգիչն ի՞նչ կապ ունի քաղաքանության հետ»,-վրդովված նշեց երգչի պրոդյուսերը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Նախօրեին factor.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը, կառավարությունը 600 միլիոն դրամ է հատկացրել, եւ Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիսի արքա Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։ Դա պարզել էին վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերից։
Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ծագել Սպիտակցի Հայկոյին գլխավոր հրապարակում «երգեցնելու» գաղափարը։ Պարզվում է՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հերթական կերուխումին է մասնակցել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով։ Քեֆը ծաղկեցրել է Սպիտակցի Հայկոն, եւ վարչապետն այնքան է գինովցած եղել, որ հենց տեղում երգչին խոստացել է՝ սեպտեմբերի 21-ին նա երգելու է Հանրապետության հրապարակում»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Առկախված այգի. Դադիվանք եւ անդին» ցուցադրությունը։
«Առկախված այգի. Դադիվանք եւ անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է, որը ուրվագծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի Դադիվանքում դրոշմներ ստեղծելու արդյունքում, երբ արվեստագետների մի արշավախումբ Երեւանից արտակարգ իրավիճակի թելադրանքով մեկնել էր Քարվաճառ։
Ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրեանը ընդգծեց, որ այս դրոշմների շուրջ երկխոսում են տարբեր տեխնիկաներով ներկայացված արվեստի գործեր։
Ցուցահանդեսի հեղինակը նշեց, որ Դադիվանք այցի ժամանակ իրենց հետ տարել են թուղթ եւ կավ, որպեսզի կարողանային տեղանքն արձանագրել: «Մենք ցանկանում էինք Դադիվանքի եկեղեցու պատերից դրոշմներ ստեղծել: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում են գտնվում այդ դրոշմների ինստալյացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք: «Արծիվ» սրահում էլ ցուցադրության շարունակությունն է, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումները»,- ասաց Խաչատուրեանը:
«Պատկերասրահ մեկ»-ում էլ ցուցադրվում է կարճամետրաժ մի ֆիլմ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է մարդկությունը ապրեցնում տեղանքն ու ժառանգությունը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը նշեց, որ այս նախագիծը շատ կարեւոր, բայց միեւնույն ժամանակ բարդ նախագիծ է:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 8-ՐԴ ԽԱՂԵՐ
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ Վրաստանի հայաշատ քաղաքների՝ համահայկական խաղերին մասնակցության հետ կապված խնդիրներ։ Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի հաջորդ հանդիպումները լինելու են Միջինասիական երկրներում։
«ԻՆՏԵՐԸ»` ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Ֆուտբոլի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։ Հուլիսի 12-ին միլանյան թիմը կհյուրընկալվի շվեյցարական «Լուգանոյին», հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին», հուլիսի 23-ին հյուր կգնա ֆրանսիական «Լանսին», հուլիսի 30-ին կընդունի ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնին», օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլյառեալին»։ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի ուժեղագույնների լիգա վերադարձած «Լեչեի» հետ։ Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
ՄԱՈՒՐԻՍԻՈ ՊՈՉԵՏԻՆՈՅԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին. հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը՝ հայտնելով շնորհակալություն եւ մաղթելով լավագույնը մարզիչի եւ նրա օգնականներին։ Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել էր 2021թ. հունվարին։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Սպասվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում կնշանակվի ֆրանսիական «Նիցայից» հեռացած ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեն։