Էրդողանը Փաշինյանից հետո խոսել է Պուտինի հետ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Սակայն հետաքրքիր է, որ այդ զրույցից հետո եղել է նաեւ մեկ այլ հեռախոսազրույց՝ Էրդողան-Պուտին ձեւաչափով: Ստացվում է՝ ՀՀ վարչապետի հետ զրուցելուց հետո ՌԴ նախագահը միանգամից զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հետաքրքիր է, որ ՌԴ եւ Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրություններում օրինակ չի նշվում, թե ով է եղել նախաձեռնողը: Սակայն ամեն դեպքում հետաքրքիր է, որ նրանք զրուցել են Հայաստանի վարչապետի հետ զրույցից հետո:

Նաշ նշենք՝ Փաշինյան-Էրդողան զրույցից հետո երկու կողմերն էլ միանման հայտարարություն են տարածել, ինչը օրինակ չի լինում Փաշինյան-Պուտին զրույցից հետո: Տարածված հաղորդագրություններում ասվում էր. « Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»:

Իսկ ահա Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո Կրեմլն այսպիսի հայտարարություն է տարածել. «Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  Առաջիկայում նախատեսված ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության հետագա աշխուժացման խնդիրներին, ներառյալ՝ դրա իրավական դաշտի բարելավման, առևտրի ծավալների ավելացման և բնակավայրերում ազգային արժույթների օգտագործման, ինչպես նաև ռուսական էներգառեսուրսների անխափան մատակարարումների շարունակմանն ուղղված միջոցառումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում սերտ համագործակցության մասին երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարության մակարդակով։

Շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և համաշխարհային շուկաներ հացահատիկի արտահանմանն ուղղված ջանքերի համակարգման համատեքստում։

Սիրիական կարգավորման թեման քննարկելիս ընդգծվել է Աստանայի գործընթացի շրջանակներում եռակողմ՝ իրանցի գործընկերների մասնակցությամբ, համատեղ աշխատանքի կարևորությունը։

Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ողջ թուրք ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս