Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ հիմնադրամից պարզաբանում են, որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։
ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։
Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։
Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ պահեստազորի սպա լեյտենանտը բաց նամակով դիմել էր զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ու մյուս պատասխանատու մարմիններին՝ նշելով, որ պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել 2րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։ Լեյտենանտը ստացել է հավաստիացումներ, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում, անընդմեջ։
Այժմ, մեկ տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2րդ կարգը փոխարինվել է 3րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել է նաև Հիմնադրամի հատուցումները։