Հայաստանը սեպտեմբերից նոր գլխավոր դատախազ կունենա. Աննա Վարդապետյանը վեց տարով կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նա փոխարինելու է Արթուր Դավթյանին, որն այս պաշտոնին էր ընտրվել ՀՀԿ-ի իշխանության ժամանակ։ Իսկ ինչ ունեցվածքով է հեռանում Արթուր Դավթյանը: ArmLur.am-ը ուսումնասիրել է նրա եւ նրա ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը:
Օրինակ, 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ դատախազն ունի 8 մլն դրամի չափով դրամական միջոց: Իսկ ստացած եկամուտը աշխատավարձն է, որն ընդհանուր կազմել է 13 մլն 530 հազար դրամ: Իհարկե, նրա աշխատավարձը տարեցտարի ավելացել է:
2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Դավթյանն ունի 2 առանձնատուն, որոնից մեկը գտնվում է Աջափնյակում, մյուսը՝ Շիրակի Հոռոմ համայնքում: Բացի այս եւս երեք հողամաս ունի Հոռոմում: Նշենք, որ գլխավոր դատախազն Աջափնյակում առանձնատուն գնել է 2017 թվականի հունիսին: Բանկային հաշվին տարեվերջին առկա գումարի չափը կազմել է 5 մլն 812 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 5 մլն 800 հազար դրամ: 2019 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը. նա ամսական ստացել է 1 մլն 335 հազար դրամ աշխատավարձ: Իսկ Երեւանի պետական համալսարանից նա ստացել է 43 հազար դրամ: Բացի այս, Արթուր Դավթյանը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 630 հազար դրամի չափով գումար, որը ձեւակերպվել է «այլ եկամուտ»:
2020 թվականին գլխավոր դատախազի բանկային հաշվին առկա գումարն ավելացել է՝ 5 մլն 812 հազար դրամից դառնալով 7 մլն 641 հազար դրամ: Այդ տարում նա ունեցել է կանխիկ գումար՝ 5.1 մլն դրամի չափով: 2020 թվականին ամսական ստացել է 1 մլն 390 հազար դրամ աշխատավարձ: ՊԵԿ-ից եւս գումար է ստացել՝ 2 մլն 597 հազար դրամի չափով, իսկ ԵՊՀ-ից՝ 118 հազար դրամ:
Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ դատախազի բանկային ավանդը կազմել է 8 մլն 720 հազար դրամ: Ի դեպ, բանկային հաշվի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում բավականին ավելացել են՝ 7 մլն 641 հազար դրամից դառնալով 18 մլն 57 հազար դրամ, կանխիկ գումար եւս դատախազն ունեցել է՝ 5.5 մլն դրամ: ՀՀ գլխավոր դատախազի նախորդ տարվա եկամուտը կազմլ է 21 մլն 157 հազար դրամ: Միայն 18 մլն 128 հազար դրամ գումար կազմել է տարեկան աշխատավարձը: Այսինքն ամսական ստացել է 1 մլն 510 հազար դրամ աշխատավարձ:
Տեղեկացնենք, որ դատախազի ունեցած վարկը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 530 հազար դրամ: Ի դեպ, գլխավոր դատախազը ծախսերի հայտարարագիր է ներկայացրել նաեւ, որտեղ նշված է, որ վարկ է մարել՝ 3 մլն 293 հազար դրամի չափով:
Դատախազի կինը՝ Անի Դավթյանը, 5 հողամասի համատեղ սեփականատեր է: Դրանք գտնվում են Շիրակի մարզի Հոռոմ համայնքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 157 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Աշխատավարձ ստացել է ՀՀ առեւտրային բանկերից մեկից, որը ամսական կազմել է 120 հազար դրամ: Դատախազի կինը ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել:
Դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, ունի 3 ավտոմեքենա՝ «GAZ», «ZiL» եւ 2014 թվականի արտադրության «Lexus», որը նա գնել է 2019 թվականին: Բացի այս, նախորդ տարի Սարգիս Դավթյանը 2.5 մլն դրամով վաճառել է Hyundai մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 7 մլն 749 հազար դրամ: Նկատենք, որ բանկային հաշվին առկա գումարը մեկ տարվա ընթացքում ավելացել է՝ 2 մլն 797 հազար դրամից դառնալով 7 մլն 749 հազար դրամ: Նրա ունեցած կանխիկ գումարը եւս ավելացել է՝ 3.5 մլն դրամից դարձել է 4 մլն 900 հազար դրամ: Սարգիս Դավթյանը «ԱյբիԷմթի Լոգիստիկ» ընկերությունից ամսական ստացել 431 հազար դրամ աշխատավարձ: Եւս 2 մլն դրամի չափով եկամուտ է նա հայտարարագրել, որի ծագման աղբյուրը նշված է շուկա: Նա 46 հազար 700 դրամ կենսաթոշակ է ստացել:
Դատախազի մոր՝ Սմելլա Դավթյանի ունեցած ավանդը բանկում կազմել է 9770 դոլար: Իսկ բանկային հաշին առկա մնացորդը կազմել է 415 հազար դրամ: Նա ամսական ստացել է 32 հազար 500 դրամի չափով կենսաթոշակ:
Ս.Հ.