ՀՀ կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը գումար է հատկացնելու ազոտական պարարտանյութի գնի սուբսիդավորման նպատակով: Բացի այս, մինչ այս էկոնամիկայի նախարարությանը գործադիրը 1 մլրդ 962 մլն դրամ է հատկացրել 10900 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար: Եւ ներկայումս անհրաժեշտ է ևս 1 մլրդ 709 մլն 253 հազար դրամ՝ 9495.85 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար։
Նշենք, որ ՀՀ է ներկրվել 20 հազար 400 տոննա պարարտանյութ մատակարարվել է տնտեսվարողներին։ Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։
Մյուս կողմից, գյուղացիներն են դժգոհում կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնից: Մենք սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստացել ենք Արմավիրի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերից: Գյուղացիների պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:
Բայց մասնագետների համոզմամբ, կառավարությունը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին պետք է ձեռք բերեր պարարտանյութ եւ պահեստավորեր, քանի որ այն ցածր գին է ունեցել այդ ժամանակահատվածում՝ 6000 դրամ: Իսկ հիմա թանկ գնով ձեռք է բերել, 9000 դրամը սուբսիդավորել, տպավորություն է, որ ներկրողին է աջակցում, այլ ոչ թե գյուղացուն:
Սյունէ Համբարձումյան