ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը շուտով երկու նոր դատավոր կունենա: Դեկտեմբերին ավարտվում է դատավորներ Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը: Նոր դատավորներկց մեկը Սեդա Սաֆարյանը կլինի, ում թեկնածությունը դեռ խորհրդարանում պետք է քննարկվի ու քվեարկվի, բայց, հաշվի առնելով, որ Սաֆարյանի թեկնածությունը գործադիրն է ներկայացրել, ապա ենթադրելի է, որ օրենսդիրն էլ կհաստատի գործադիրի ընտրությունը: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ՀՀԿ-ականացված լինելու մեջ մեղադրող օրվա իշխանությունը՝ ՔՊ-ն, այժմ, փաստորեն, մեկ այլ կուսակցականի է ցանկանում Սահամանդրական դատարանի դատավոր կարգել: Սեդա Սաֆարյանը՝ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի կուսակիցն է, «Հանուն հանրապետության» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասում է՝ Սեդա Սաֆարյանը սահմանադրական արդարադատության հետ կապ չունի: Եվ, առհասարակ, ասում է Վարդևանյանը Սահմանադրական դատարանը ծանր վիրավորանքի քրեականացումը սահմանադրական ճանաչելուց հետո ամրապնդեց համոզումը, որ մայր դատարանն այդքան էլ իր բնական ուղղույթմաբ չի գնում:

 

-Պարոն Վարդեւանյան, Ձեր կարծիքով դատարանն իր բնական ուղղությամբ առաջ չի գնում, այդ դեքպում ո՞ւր է գնում:

-Գնում է սահմանադրությունից հեռու: Ոչ թե սահմանադրության գերակայության ապահովմանն է գնում,  այլ սահմանադրությունից հեռանում է:  Դրա ամենամեծ ցուցիչը՝ ծանր  վիրավորանքը սահմանադրական ճանաչելն է՝ քրեական օենսգրքի:  Ինձ համար դա ջրբաժան էր՝  որպես մարդու, ով սահմանադրական դատարանում ներկացչություն իրականացնելու բավականին փորձ ունի: Ես, ամեն մի գործ ներկայացնելով, հավատացել եմ սահմանադրական արդարադատությանը: Ես հավատացել եմ դրան 2012թ-ից,  երբ առաջին անգամ գործ եմ ներկայացրել մինչեւ վերջերս: Բայց ծանր վիրավորանքի մասով Սահմանադրական դատարանի որոշումը ինձ համար ջրբաժան էր: Նաեւ տեսնում եք, թե ովքեր են համալրել Սահմանադրական դատարանի շարքերը:

-Ի՞նչ գնահատական կտաք Սեդա Սաֆարյանի թեկնածությանը:

-Ոչ մեկի վերաբերյալ գնահատական չեմ հայտնի: Առավել եւս՝ ես ինքս ինձ համար որոշում ունեմ,  թող դա որեւէ կերպ խտրական չհնչի, բայց ես կնոջ  վերաբերյալ չեմ արտահայտվի անյպես, ինչպես կարտահայտվեի տղամարդ գործընկերոջ վերաբերյալ:

-Ինչպե՞ս կգնահատեք նրան մասնագիտական տիրույթում:

-Հենց դա էի ուզում ասել, որ կին թեկնածուն սահմանադրական արդարադատության հետ առնչություն չունի: Շատ տարբեր ոլորտներում, շատ փայլուն հասարակության համար պահանջված մասնագետներ կարող են լինել: Արդարության հմար կռվող են, թող այդպես մեկնաբանեն, ես այլ կարծիք ունեմ: Ինչեւէ, սա մասնագիտական գործունեության մասին է, սա սահմանադրական արդարադատության ոլորտն է: Արդյո՞ք այդ անձը սահմանադրական իրավունքում ինչ-որ մասնագիտացում ունի, գիտական գործունեություն իրականացրե՞լ է. իսկ սահմանադրական դատարանում դա կարեւոր է: Իսկ ինչու՞ է այդպես անում. անում է, որովհետեւ վարչապետի օգնականից կարող ես դառնալ գլխավոր դատախազ, նույն ձեւով էլ, վարչապետի թիմակցից կարող ես դառնալ սահմանադրական դատարանի դատավոր: Սա առաջին դեպքը չէ,  կարծես դա մի անգամ տեսել ենք :

-Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ականացված է եւ չպետք է  լինի Սահմանադրական դատարանում: Բայց նույն հայտնի թեկնածուն,  ինչպես ասացիք,  կուսակցական է, եւ իշխանամերձ կուսակցական: Ի՞նչ կասեք այս մասին:

-Վերջին խորհրդարանական ընտրություններին շատ ակտիվ մասնակցություն ուներ եւ քաղաքական գնահատականներ էր հայտնում: Օրինակ՝ ես էլ մասնակցություն ունեցել եմ:  Այժմ էլ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակ ունեմ,  եւ դա ինձ սահմանափակում է որոշակի  իմաստով: Եթե հիմա «ժողովուրդ» օրաթերթն ինձ  ասեր, որ մեր գործընկերը՝ ես, պետք է լինեմ թեկնածուն, ես պետք է ունենայի այդքան ազնվություն եւ ասեի, որ այս պահին չեմ կարող, քանի որ որոշակի խնդիր կա, ես այդպես եմ կարծում: Բայց, ի դեպ, արդյո՞ք դա պարտադիր պայման է՝  ոչ: Ես վստահ եմ, օրինակ, որ հայտնի թեկնածուն շատ երկար հարցազրույցներ է տվել հենց նույն Հրայր Թովմասյանի վերաբերյալ եւ հիմա անում է նույնը: Ստացվեց, որ ազնվության դեֆիցիտ ունենք: Օրվա իշխանությունների մեղքերից մեկը, իսկ իրենք նմանատիպ շատ մեղքեր ունեն, ազնվության պակասն է հասարակությունից, մեղմ ձեւակերպած՝ մարդկային ազնվություն պակաս:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հուլիսի 4 ին տեղեկություն տարածվեց, որ տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման եւ վերահսկողության սահմանման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ կառավարությանը դիմում է հասցեագրել:

 

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսեւորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասված է դիմումի մեջ:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, եւ որեւէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ: Հաջորդիվ ներկայացված էր ասվածի գերմանական եւ ռուսական փորձի ուսումնասիրության արդյունքների ամփոփ նկարագիրը: «Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով եւ չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- գրված է Արթուր Դավթյանի կողմից կառավարությանը հասցեագրված դիմումի մեջ, որում վերջինս առաջարկել էր նաեւ կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա՝ ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն էր հայտնել նաեւ ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին: Երբ նրան պաշտոնավարելու համար երկու ամիս է մնացել, այս նախաձեռնությունը տարօրինակ է եւ կարող է վերջին լավությունը լինել՝ Փաշինյանի իշխանությանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի ավագանու նիստն այսօր էլ չի կայացել՝ բավարար քվորում չապահովվելու պատճառով: Ավելի վաղ գրել էինք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ավագանու նիստ է հրավիրել՝ համայնքի սուբվենցիոն ծրագրերի ու տարեկան բյուջեն հաստատելու օրակարգով: Նշենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ի վանաձորյան ընտրությունններից հետո ավագանին նիստեր չի կարողանում գումարել: Վանաձորի ավագանու ընտրությունններից հետո մինչեւ օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, այնուամենայնիվ՝ Վանաձորում չի կարողանում լիարժեք իշխանություն ձեւավորել: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, փաստացի, չի կառավարվում. ո՛չ բյուջե ունի, ո՛չ՝ հաստատված աշխատակազմ: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայաստանում թանկացումների սկսված ալիքը շարունակվում է: Ընդ որում՝ թանկացել են առաջին անհրաժեշտության սննդատեսակները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թանկացել է հացը, մակարոնեղենը, ալյուրը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հացի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 20 տոկոսով, իսկ այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, այն թանկացել է 5.2 տոկոսով: Մակարոնի գինը 29.9 տոկոսով է բարձրացել, իսկ այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, այս շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ:  Նշենք, որ ալյուրը թանկացել է 2.6 տոկոսով:   Թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում: Օրինակ՝ թանկացել է գառան, խոզի եւ տավարի միսը: Գառան մսի գինը հունիսին՝ մայիսի համեմատ, բարձրացել է 2 տոկոսով, խոզինը՝ 3.5 տոկոսով: Իսկ ահա տավար մսի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 5.6 տոկոս: ArmLur.am-ը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 17.8 տոկոսով: Թանկացել է ամեն ինչ, այդ թվում՝ պանիրը: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պանրի գինը բարձրացել է 25.4, իսկ այս տարվա մայիսի համեմատ՝ 1.6 տոկոսով: Փոխարենը նվազել է հավի ձվի գինը՝ 2 տոկոսով: Իսկ շաքարավազը էժանացել է. պաշտոնապես, շաքարավազի գինը 2.6 տոկոսով նվազել է:  Մեկ տարվա ընթացքում կարագի գինն աճել է 4.8 տոկոսով, իսկ այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, գրանցվել է 0.4 տոկոս գնանկում: Ձեթի գինը՝ ըստ վիճակագրական կոմիտեի, 0.8 տոկոսով նվազել է:




Լրահոս