Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցեւը։
«Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաեւ պետերբուրգյան միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ», – հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան` առանց հստակեցնելու, թե հատկապես որ հարցերի շուրջ են կողմերը ընդհանուր հայտարարի եկել։
Նա նշել է, որ աշխատանքային խմբի համանախագահները իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։
Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը մերձեցրել են իրենց մոտեցումները:
Ուրբաթ օրը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստի ժամանակ կողմերը «քննարկել եւ հստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով եւ երկաթգծերով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»։ Այս մասին ասված է Հայաստանի կառավարության հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն՝ «հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ»։
«Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ», – նշված է հաղորդագրությունում:
Հանդիպման արդյունքներով Ռուսաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը «քննարկել եւ մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքներով անցնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային եւ հսկողության այլ տեսակների, ինչպես նաեւ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»:
Ռուսական կողմը եւս հաղորդում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր երթուղիների քննարկման մասին:
Երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբի հանդիպումը վեցամսյա ընդմիջումից հետո կայացավ երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում:
Անցած ամիս տեղի ունեցած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային եւ հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, Երեւանը չէր նշել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿՈՒՄ
Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պարզվել է, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել: Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Երեւանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները՝ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել. մահացել է Ռ. Խ-ն։
ԳՈՐԾԱՐԱՐՆ ՈՒ ԹԻԿՆԱՊԱՀԸ
Ինչպես հայտնի, է մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում սպանվել էր հայտնի հայ գործարար Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովոն), որ Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում՝ 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ դատարանի այդ որոշումը բեկանելու եւ Ղամարյանի կալանքը վերացնելու պահանջով նրա պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2022թ. ապրիլի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։ Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտպանը բողոքով պնդել է, որ 2013թ. Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հարուցված եւ երկու տարի անց արդարացման հիմքով կարճված քրեական գործը 2021թ. ապօրինի, օրենքի պահանջների կոպիտ խախտումներով է վերաբացվել, ուստի, նույն թվականին նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն ու կալանքը նույնպես անօրինական են։ Նկատենք, որ այս քրեական գործը վերաբացեցին Մոսկվա կինոթատրոնի դեպքից հետո, թեեւ Մոսկվա կինոթատրոնի դեպքը Հովհաննես Ղամարյանի մեղադրանքի հետ կապ չունի, ուստի չի էլ բացառվում, որ Մոսկվա կիոթատրոնի սպանության վրեժը լուծեցին գործարարից: Գործարարի առեղծվածային սպանության գործով ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը եռակողմ խմբի շրջանակներում շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը։ «Հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային ֆորումի շրջանակում համանախագահների շփումների արդյունքներով՝ որոշակի առաջընթաց գրանցվեց, հաջողվեց մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների շուրջ։ Ինչպես հայտնի է, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը՝ ի շահ Երեւանի, Բաքվի եւ նրանց հարեւանների»,- ասել է նա։
ԵԳԻՊՏՈՍ՝ ԱՌԱՆՑ ԹԵՍՏԻ
Եգիպտոսը հունիսի 17-ից հանել է տեղացիների եւ օտարերկրացիների համար կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները: Այսինքն, հունիսի 17-ից Եգիպտոս մեկնելու համար ոչ մի թեստ կամ պատվաստման վկայական չի պահանջվում։ Սակայն տարբեր երկրների քաղաքացիների մուտքի պայմանները կարող են ամեն պահի փոփոխվել: Այդ իսկ պատճառով, Եգիպտոսի կառավարությունը պահանջում է ճշտել ավիաընկերություններից կամ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կայքէջից: Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը եւ պետական այլ ծառայություններ կանոնավոր կերպով ստուգումներ են իրականացնում Կարմիր ծովի շրջաններում գտնվող հյուրանոցներում՝ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար: Բացի այս ստուգվում է նաեւ ջրի, խմիչքների եւ սննդի որակը, օդորակման ստանդարտները եւ լողավազաններում ջրի քլորացումը: Իսկ ահա Թունիսի դեպքում պայմաններն այլ են. Թունիսի օդանավակայան ժամանելուն պես COVID-19 թեստավորումը կատարվում է ընտրովի: Թեստի դրական արդյունքով զբոսաշրջիկները ուղարկվում են 5-օրյա մեկուսացման, որը կարող է երկարաձգվել մինչեւ մեկ շաբաթ, եթե ախտանիշները հայտնվեն կամ պահպանվեն։ Այս տարվա փետրվարի 15-ից չեղյալ է հայտարարվել պատվաստման ամբողջական կուրսը չավարտած զբոսաշրջիկների մուտքի կարանտինը։ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, որոնք որեւէ պատճառով չեն պատվաստվել, ազատվել են Թունիս ժամանելուն պես՝ հյուրանոցում 5 օրով մեկուսանալու պարտավորությունից։ Բայց, մինչ Թունիս գալը, նրանք պետք է հանձնեն ՊՇՌ թեստ թռիչքից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ, կամ մեկ օր առաջ անցնեն էքսպրես թեստ։ Իսկ պատվաստված զբոսաշրջիկները պետք է միայն ներկայացնեն պատվաստման վկայական՝ անգլերեն լեզվով: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է իրականացվել ռուսական ցանկացած դեղամիջոցով, քանի որ բոլորն արդեն ճանաչված են հանրապետությունում։ Ի դեպ, մինչեւ 6 տարեկան երեխաները ազատվում են բոլոր տեսակի թեստերից:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ «ԶԱՌԱ»-ԻՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա, ուրիշի գույքի զգալ չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մայիսի 07-ին՝ ժամը 20:04-ին, մուտք Է գործել Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի առաջին հարկում գտնվող «Զառա» խանութ-սրահ եւ այնտեղից գաղտնի հափշտակել «Զեթարֆեյշնռիթեյլ» ՓԲԸ-ին պատկանող, զգալի չափի՝ 24.900 ՀՀ դրամ արժողությամբ 1 վերնաշապիկ: