Հուլիսի 1-ին կայացավ դերասանուհի, արդեն նաեւ երգարվեստում հստակ քայլեր կատարող Լիլիթ Բադանյանի՝ «Մենախոսություն» տեսահոլովակի պրեմիերան: Լիլիթը տեսահոլովակի պրեմիերայի առաջին մանրամասները եւ հետաքրքիր դրվագները վստահել է ArmLur.am-ին:
«Սա իմ երրորդ աշխատանքն է, որ ներկայացրի երկրպագուներիս, եւ կարելի է ասել՝ իմ առաջին քայլերն են երգարվեստում։ Այս երգը տարբերվում է ունեցածս մյուս երկու երգերից թե՛ ոճով, թե՛ տեսահոլովակով։ Այս անգամ որոշեցի ինձ փորձել նաեւ այլ ոճում, որը կարծում եմ ավելի համահունչ եւ ներդաշնակ է իմ հոգուն: Գիտեմ, որ շատ շատերին գուցե երգը դուր չգա, չհետաքրքրի, քանի որ այն կոմերցիոն չէ. մարդկանց սրտերին մոտ լինելու դեպքում նոր կարող են լսել։ Երգը, ինքնին, որքան պարզ է թվում, նույնքան էլ խորն է իր էներգետիկ դաշտով: «Մենախոսություն» երգի տեսահոլովակում զարմացնելու, գրավելու հատուկ որեւէ բան չի արվել, անգամ հագուստը պարզ գույների համադրություն ունի: Իրականում փորձել եմ ամբողջացնել եւ ներկայացնել իմ ներսում կուտակված ապրումները, հույզերն ու զգացողությունները»,- նշեց Լիլիթը եւ միեւնույն ժամանակ հավելեց, որ երգն այնքան խորն ու լիքն է, որ ավելորդ զարդարանքներ պետք չեն։
Մեր զրուցակցի խոսքով՝ տեսահոլովակի գաղափարն ու ոճն ի սկզբանե եղել է իրենը, իսկ պրեմիերային ներկա են գտնվել բացառապես նկարահանման անձնակազմը, մարդիկ ովքեր լիապես աջակցել են դրա կայացմանը։
Լիլիթի փոխանցմամբ՝ մարդկանց անկեղծ եւ դրական արձագանքները ոգեւորում են իրեն, եւ ցանկություն առաջացնում՝ եւս մեկ գործ ներկայացնելու իր լսարանին:
Նշենք, որ «Մենախոսություն» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գուրգեն Դարբինյանն է, գործիքավորումը՝ Էմանուել Հակոբյանինն է, իսկ ռեժիսորը Հարություն Գեւորգյանն է:
Հիշեցնենք, որ Լիլիթ Բադանյանը երկրպարգուների դատին էր հանձնել իր վերջին տեսահոլովակը՝ «Ամենալավ նվերը» երգը: Դերասանուհին նոր տեսահոլովակի առթիվ կազմակերպել էր գեղեցիկ շնորհանդես եւ կիսվել իր նոր աշխատանքով՝ սիրելի ընկերների հետ: Երգի հեղինակը նրա ընկեր, երգիչ, երգահան Վլադիմիր Պողոսյանն է, իսկ գործիքավորման հեղինակ՝ Էմանուել Հակոբյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Երեկ վերջապես կայացավ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի երկար սպասված երգի պրեմիերան:
Այն կոչվում է «ԼջչվՈվվՈÿ», որը հայերեն թարգմանաբար նշանակում է՝ աքսորված: Այս մասին երգչուհին ուրախությամբ եւ հուզմունքով հայտնել էր իր երկրպագուներին: «Վերջապես տեսահոլովակս ամբողջովին, ինչպես ասում են, իմ սրտով ա։ Հ.Գ. Հուզվում եմ ճիշտ այնպես, ինչպես առաջին տեսահոլովակիս ժամանակ»,-նշել էր նա: Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհում շատ կանայք ու աղջիկներ սեռական ոտնձգությունների են ենթարկվում տարբեր իրավիճակներում: «Նման դեպքերում շատերը լռում են, ինչ-ինչ պատճառներով… Ճիշտ այդպես եղավ այս պատմության հերոսուհու հետ…»: Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ խոստացված պրեմիերան չի կայանալու: «Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան: Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն»,-նշել է երգչուհին։ Միեւնույն ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանը ընդգծել է, որ այս նախագծի վրա աշխատել է ավելի քան մեկ տարի, ու այն չափազանց կարեւոր է իր համար։ «Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,-հավելել է երգչուհին:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
35 երկրների կառավարություններ համատեղ հայտարարությամբ դիմել են մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին՝ հորդորելով հեռացնել Ռուսաստանի եւ Բելառուսի համապատասխան ֆեդերացիաներին։ Պատճառը Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, որ սկսվել է փետրվարի 24-ին Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո։ «Ռուսաստանի եւ Բելառուսի մարզական ազգային գերատեսչություններն ու ֆեդերացիաները պետք է հեռացվեն միջազգային մարզական ֆեդերացիաներից»,-նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրությունում։ Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կանադայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի կառավարությունները։ Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներն այժմ մասնակցում են որոշ մարզաձեւերի միջազգային մրցումների՝ չեզոք կարգավիճակում, առանց դրոշի։ Թիմային մարզաձեւերում նրանց մասնակցությունն արդեն արգելվել է։
ՊՈԼ ՊՈԳԲԱՆԸ՝ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-ՈՒՄ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան 4 տարվա պայմանագիր կկնքի իտալական «Յուվենտուսի» հետ։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը Թուրինում կլինի հուլիսի 9-ին։ Այդ օրը նա կանցնի բուժզննում եւ կկնքի պայմանագիր։ Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին՝ 177 խաղում խփելով 34 գոլ եւ կատարելով 40 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
ԱԴԱՄՅԱՆԸ՝ ՆՈՐ ԹԻՄՈՒՄ
Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնը» 1 միլիոն եվրո է վճարել «Հոֆենհայմին» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի համար։ Գերմանական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Սարգիս Ադամյանը նոր թիմում հանդես կգա 23 համարի խաղաշապիկով։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը «Բրյուգեում» անցկացրած Սարգիս Ադամյանը Բելգիայի առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման եւ խփել է 6 գոլ։ «Բրյուգեն» դարձել է Բելգիայի չեմպիոն։ Transfermarkt-ը Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։