Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է, որ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն անելով՝ նպատակ են ունեցել հասնել նրան, որ հստակ լինի՝ գերատեսչության որ պաշտոնյան ինչով է զբաղվում ու ինչի համար է պատասխանատու: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշում է, որ, օրինակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը չգիտեր՝ ինչով զբաղվեր կամ պատասխանատվության ինչ շրջանակ ունի:
-Պարո՛ն Խաչատրյան, ԱԺ-ն քննարկեց եւ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքը, եւ ամենաքննադատվելիք հարցը այն է, որ Պաշտպանության նախարարությունը եւ գերագույն շտաբը, այսպես ասած, միավորվում են: Ավելի ճիշտ՝ պաշտպանության առաջին նախարարի առաջին տեղակալը լինում է գլխավոր շտաբի պետ, բայց բացատրություններն ու մեկնաբանությունները հասարակության համար այդքան էլ հասանելի չեն: Ի վերջո, ինչու՞ հենց հիմա. ո՞րն է գլխավոր հիմնավորումը:
-Ամենակարեւոր հիմնավորումը պրակտիկան է: Մեր անցած ճանապարհին ու իրավիճակներում ստեղծված խնդիրներն են: Նախ՝ մենք տեսանք Ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ մեր հանձնաժողովի քննության ընթացքում այդ հարցերը ի հայտ եկան, երբ որ պաշտպանության նախարարը Ապրիլյան պատերազմի ժամանակ չգիտեր, թե ինչով զբաղվեր: Ո՞րն էր իր լիազորության սահմանները, ի՞նչ պետք է աներ պատերազմի ժամանակ. դեռեւս սկսում ենք Ապրիլյանից: 44օրյա պատերազմ ունեցանք, եւ նույնպես՝ պաշտպանության նախարարի լիազորությունները բավականին աղոտ էին, ու պարզ չէր՝ պաշտպանության բնագավառում ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության նախարարը ինչ պետք է անի եւ գլխավոր շտաբը ինչ պետք է անի: Այսինքն, պաշտպանության նախարարը քաղաքական պատասխանատուն է պաշտպանության բնագավառի, բայց որոշակի պայմաններում նա որոշակի լիազորություններ չունի:
-Ի՞նչ է նշանակում որոշակի լիազորություններ չունի: Կմանրամասնե՞ք մի փոքր:
-Մի կառույցի, մի պաշտպանական մարմնի մեջ երկու առանձին կառույցներ չեն կարող լինել: Դրանց միջեւ բավականին լուրջ անջրպետ է: Սուբյեկտիվ գործոններ, անձնական խնդիրներ, իսկ հանդուրժելը մեր պաշտպանության բնագավառում միանշանակ չէր կարելի: Դա թուլացնում է բանակի հիմքերը: Բոլոր բանակների եւ երկրների համար, եթե պաշտպանության բնագավառը, ռազմական կարողությունները չեն համախմբվում եւ մեկ անձի ներքո չեն լինում, ապա ամեն ինչ սպասելի է այդ կառույցից: Մենք տեսանք դա ե՛ւ Ապրիլյանի ժամանակ, ե՛ւ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ ա՛յժմ էլ այդ խնդիրները լավ տեսնում ենք: 2008թ.-ից է այս որորշումը կայացվել, որ շտաբը որոշակի առանձնացվել է նախարարությունից: Մինչ այդ՝ կարգավորումը եղել է այլ ձեւով. նախարարն է ամբողջությամբ պատասխանատուն եղել: Շտաբի պետի լիազորությունները չեն սահմանափակվել, ընդհակառակը՝ նրան տալով նախարարի առաջին տեղակալի հաստիքին հավասարազոր պաշտոն այստեղ ավելացրել են նրա լիազորությունները՝ նախարարության մասով: Այսինքն՝ որոշակի գործառույթներ կարող է անել արդեն նախարարության ստորաբաժանումների նկատմամբ, բայց այս ուղղահայաց ենթակայությունը, որը պետք է լինի Զինված ուժերում, պաշտպանության բնագավառում, հետ ենք բերել եւ շատ ավելի լավ կարգավորումներ իրագործել:
-Որոշում կայացնողը բոլոր դեպքերում, փաստորեն, պաշտպանության նախարա՞րն է:
-Պաշտպանության նախարարը քաղաքական պատասխանատուն է: Նա պետք է ապահովի բնականոն զինվորականի բնականոն գործունեությունը: Մարտավարական, ռազմավարական խնդիրները լուծում պլանավորում է Գլխավոր շտաբի պետը: Գլխավոր շտաբի պետը բարձրագույն զինվորական կոչումն է, բայց զինվորականների գործունեության ապահովումը՝ բոլոր առումներով՝ սկսած իրավականից, վերջացրած նյութատեխնիկական եւ սպառազինության հարցերով, արդեն պաշտպանության նախարարի պատասխանատվության ներքո է:
Բայց, իհարկե, պաշտպանության նախարարը կարող է այս նոր կարգավորումները, հրամանները տալ գլխավոր շտաբի պետին, որը ենթակա է կատարման: Այսինքն գլխավոր շտաբը պաշտպանության նախարարության ենթակայության տակ կառույց է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարությունը բուհերի շրջանում տարածել է մի նախագիծ, ըստ որի՝ բակալավրիատի հեռակա ուսուցման ընդունելությունն այլեւս իրականացվելու է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից՝ առկա ուսուցման ընդունելության ընթացակարգին համապատասխան:
ArmLur.am-ը նախագծի վերաբերյալ կապ հաստատեց ԿԳՄՍ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ բուհերը նախապես տեղեկացված են եղել նախագծի մասին:
«Այս նախագիծը, որ պետք է հեռական միասնական ձեւով լինի, նախարարությունում վաղուց է, ու նույնիսկ մի քանի տարբերակ ուղարկել ենք պետական եւ ոչ պետական բուհերին, եւ համատեղ մշակել ենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ, եւ դրա միակ նպատակն այն է, որ լինի միասնական մոտեցում՝ ոչ պետական եւ պետական բուհերի համար: Նախագիծն այս պահին դրված է հանրային քննարկման, նաեւ ուղարկել ենք Արդարադատության նախարարություն՝ փորձաքննության: Գործող կարգում տրված է, որ հեռակայի քննություններ անցկացվում են բուհում՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ համատեղ, եւ շատ բուհեր հենց այդ թեստերը պատվիրում էին հենց ԳԹԿ-ից՝ քննություններն անցկացնելու համար: Կարծում եմ՝ սովորողի տեսակետից որեւէ բան չի փոխվել. դժգոհություն կարող է առաջացնել ոչ պետական բուհերի շրջանում, քանի որ նրանք, հնարավոր է՝ քննություններն անցկացնում էին մի քիչ այլ մոտեցմամբ, եւ դուրս էին այդ կարգից, իսկ հիմա նպատակը հավասար մոտեցումն է եւ էլի՝ շեշտադրվելով կրթությունը»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ բուհերն իրենք էին իրականացնում հեռակա ուսուցման ընդունելությունը, որը ավելի բխում էր դիմորդի շահերից: Այժմ նախարարությունը որոշել է ավելի նեղացնել բուհերի՝ առանց այն էլ թվացյալ ինքնավարության շրջանակը:
Այնուամենայնիվ, հեռակա ուսուցման ընդունելության կանոնների նոր նախագծի մասին այս տարվա հեռակա համակարգի դիմորդները մինչ օրս տեղեկացված չեն, մինչդեռ ընդունելությունը սկսվում է երկու ամսից՝ սեպտեմբերի 5-ից: Ողջամիտ ժամկետում համապատասխան որեւէ հայտարարություն չհրապարակելու եւ դիմորդներին չտեղեկացնելու արդյունքում, նախարարությունը դիմորդներին կանգնեցնում է փաստի առաջ, որը ստեղծում է անարդարություն նրանց հադեպ եւ առաջ է բերելու դժգոհության մեծ ալիք: Իսկ հեռակա ուսուցում իրականացնող բուհերում կարող են առաջանալ ոչ բարենպաստ հետեւանքներ՝ էականորեն կրճատելով դիմորդների քանակը։ Ուստի հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է սպասարկում ԿԳՄՍ նախարարությունը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանկվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատարանը բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը եւ պարոն Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»,- նշել է Ալեքսանյանը։
Նշենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում՝ Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը:
Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆՈՒՄ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկնում է արձակուրդ: Այդպիսի որոշում ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի հուլիսի 11-22-ը ներառյալ:
- Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»:
Հիշեցնենք, որ երեկ էլ հրամանագիր էր ստորագրվել, որով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին էր արձակուրդ տրամադրվել՝ կրկին տասը օրով եւ կրկին հուլիսի 11-22-ը ներառյալ: Արձակուրդների շրջանը սկսված է: