ՊԵՏՔ Է՝ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հայ-թուրքական վերջին պայմանավորվածությունից օրեր անց՝ այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց հայաստանյան գերատեսչություներին կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։

 

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում կայացած չորրորդ հանդիպումից հետո՝ հուլիսի 1-ին երկու երկրների արտգործնախարարությունները հայտարարեցին, թե պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները եւ սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

«Տեղյակ եք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար եւ Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով: Հիմա շատ կարեւոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետեւ քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, եւ իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ընդգծեց վարչապետը:

Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու եւ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց։ Հայաստանի հետ օդային եւ ցամաքային սահմանները Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993-ին: Օդային սահմանը վերաբացվեց 1995 թվականին եւ, չնայած փակ ցամաքային սահմանին, Թուրքիան շարունակաբար հանդիսացել է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը։ Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ անցած տարի երկկողմ առեւտուրը կազմել է 73,5 միլիոն դոլար։

Կառավարությունում համարում են՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների վերաբացումը լուրջ դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա, թեեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խուսափեց թվեր հնչեցնելուց։

«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ, ասենք, որտե՞ղ անշարժ գույքը կամ ինչ-որ բան ավելի թանկ արժե, խաչմերուկի վրա՞, թե՞ փակուղու վերջում: Հիմա մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ եւ, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ տարբեր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային, բոլոր», – ընդգծեց Քերոբյանը:

Կառավարության ղեկավարն անթույլատրելի է համար նաեւ մայրուղիների, ճանապարհների վրա, վթարների վայրերում խաչքարեր տեղադրելը. «Մեզ մոտ մշակույթ է ձեւավորվել՝ մայրուղիների երկայնքով, վթարների վայրերում խաչքարեր են տեղադրվում: Պատկերացրեք բոլոր վթարների առիթով՝ մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում»:

Այդ ամենի համատեքստում վարչապետ Փաշինյանը կարեւորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: «Իհարկե, մենք 2019 թվականից սկսել ենք քաղաքացիական նշանակության եւ պետական նշանակության պատմամշակութային հուշարձանները վերականգնելու գործընթացը: Մենք այս ճանապարհով պետք է գնանք: Տասնյակ բերդեր, ամրոցներ, քաղաքացիական նշանակության այլ պատմամշակութային օբյեկտներ, որոնք ոչնչացման եզրին են»,-ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է այդ ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցողներին գումարները նվիրաբերել այդ հուշարձանների վերականգնմանը. «Տեսել եմ նոր կառուցված եկեղեցիներ, որտեղ ոչ ոք չի գնում, իսկ դրանից մի քանի կիլոմետր այն կողմ դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձաններ են ավիրվում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ խաղադրույքների թաքնված գովազդն արգելելու վերաբերյալ իր հանձնարարականին եւ նշել, որ դրա ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվում, քանի որ հանրապետությունում դեռեւս առկա են նմանատիպ գովազդներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ կրկին ՀՀ եւ ՌԴ մամուլի ծառայությունների հայտարարություններում տարբերություններ կան։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ: Իսկ ահա Կրեմլի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի եւ համայնքային պաշտոնյաների հետ պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ եւ Շիկահող համայնքներ, հանդիպել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են տիրող իրավիճակը, իրենց մտահոգությունները։ Հատկապես Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաեւ՝ հայ դիրքապահների համար։

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը՝ հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով: Խորհրդարանական լսումների օրակարգում ընդգրկվել են նաեւ «Ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդել. հիմնարար սկզբունքներ, ֆունկցիոնալ-կառուցվածքային եւ վերահսկողությանե եւ «Ներքին գործերի նախարարության ստեղծման եւ ոստիկանության ներքին, գործադիր վերահսկողության ապահովման միջազգային փորձը» թեմաներով հարցերը:

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՄՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորները պարգեւավճար են ստացել։ Խոսքը, սակայն, ՔՊ-ական պատգամավորների մասին է,. ընդդիմադիրները պարգեւավճար չեն ստացել։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորները նաեւ աշխատավարձն են մասնակի ստացել՝ այսպես ասած կիսատ-պռատ։ ԱԺ ղեկավարությունն ինքն է որոշել՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ինչքան ու ինչ հաշվարկով վարձատրել։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նույնպես ո՛չ պարգեւավճար է ստացել, ո՛չ էլ աշխատավարձն է ամբողջապես ստացել։

 

 

 

ՄՈՒՏՔԸ ԿԲԱՑԻ

Իսպանիան որոշել է երկրի մուտքը բացել բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Դրա համար հարկավոր է ունենալ COVID-19 ՊՇՌ թեստ: Մայիսի 21-ից Եվրամիությունից դուրս գտնվող երկրների քաղաքացիները, որոնք Իսպանիա են մտնում ծովով կամ օդով, ժամանելիս պետք է ներկայացնեն միայն ՊՇՌ կամ անտիգեն թեստ, որը կատարվել է ուղեւորությունից ոչ շուտ, քան, համապատասխանաբար, 72 եւ 24 ժամ առաջ։ Բացի այդ, որպես այլընտրանք, զբոսաշրջիկը կարող է  ներկայացնել նաեւ Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստման սերտիֆիկատ, կամ 180 օրվա ընթացքում COVID-19-ով վարակվելու տեղեկանք: Իսկ մինչեւ 12 տարեկան երեխաները որեւէ վկայականի կարիք չունեն։

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա հունիսից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները զբոսաշրջության նպատակով, անկախ պատվաստման կարգավիճակից, կարող են այցելել Իսպանիա: Մուտքի համար հարկավոր է ներկայացնել ՊՇՌ թեստ, որը կատարվել է մեկնելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Իսկ ահա հունիսի 1-ից Իտալիա ժամանող բոլոր երկրների զբոսաշրջիկներից այլեւս չի պահանջվում ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, Covid 19-ով հիվանդանալու վերաբերյալ վկայական կամ ՊՇՌ թեստ: Նշենք, որ այս տարվա հունիսի 11-ից Գերմանիա մուտք գործելու համար չեն պահանջվում պատվաստման սերտիֆիկատներ՝  նախկինում Covid-19-ով հիվանդության վկայական կամ ՊՇՌ բացասական թեստ: Դիմակի կրումը պարտադիր է միայն հիվանդանոցներում, գնացքներում եւ ինքնաթիռներում։




Լրահոս