Պահուստային ֆոնդից շուրջ 299 միլիոն դրամ՝ տարածքների պայմանների բարելավման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդունվեց վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի 2-րդ և 3-րդ կետերը գաղտնի են։

Որոշման հիմնավորումից տեղեկանում ենք՝ առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեի «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 298 միլիոն 797 հազար դրամ:

Ըստ հավելվածի՝ միջոցառման տեսակ է նշվել տրանսֆերտների տրամադրումը, իսկ ծրագրի նպատակ՝ բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովումը։

Որոշմամբ 298 միլիոն 797 հազար դրամից 207 միլիոն 703 հազար դրամ դրամաշնորհ կհատկացվի պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, իսկ 91 միլիոն 93 հազար դրամի կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին։

Նշվում է նաև, որ նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:




Լրահոս