Հուլիսի 13-ին Ջերմուկ քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամը 07.30-ի սահմաններում իր «ՎԱԶ-21015»-ով անծանոթ երկու անձանց Եղեգնաձոր տեղափոխելու ճանապարհին, Արփա-Սևան թունելից մայրուղի տանող հատվածում, հետևում նստած անձը սուր ծայրով մետաղական առարկայով սպառնալով՝ պահանջել է փող և անվճար տեղափոխություն Եղեգնաձոր, նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: Դուրս գալով մայրուղի՝ ինքը կանգնեցրել է մեքենան և նրանց դուրս է հանել մեքենայից:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ, պարզել են ուղևորների ինքնությունը՝ Եղեգնաձորի բնակիչ, 23-ամյա երիտասարդ և Երևանում հաշվառված 40-ամյա տղամարդ, որը սուր ծայրով մետաղական առարկայի ցուցադրմամբ վարորդից պահանջել էր փող և անվճար տեղափոխություն:
40-ամյա տղամարդը հուլիսի 13-ին Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկում հայտնաբերվել, շորթում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ 23-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին:
Կատարվում է նախաքննություն: