ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման և ձկնորսության դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Ապօրինի ծառահատման վերաբերյալ ահազանգը ոստիկանության Վայքի բաժնում ստացվել էր մայիսի 4-ին: Արտավանի անտառպետությունում հայտնաբերվել էին հատված չորս կաղնի և մեկ հացենի:
Հարուցվել էր քրեական գործ: Վայքի համայնքային ոստիկանները բաժնի այլ ծառայությունների և մարզային քննչական վարչության գործընկերների հետ իրականացրին բազմաբնույթ միջոցառումներ և պարզեցին, որ հանցագործությունը կատարել է Արենի գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է ու խոստովանել արարքը:
Վայքի ոստիկանները ակտիվ պայքար են մղում նաև ապօրինի որսի դեմ՝ պարբերաբար իրականացնելով ստուգայց-շրջագայություններ: Օրեր առաջ էլ նրանք ապօրինի ձկնորսության կասկածանքով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վայքեցի երկու տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերվել են բաժին: Մեքենայում կարմրախայտեր կային, ճտքավոր կոշիկներ, մարտկոց և այլն: Պարզվեց, որ տղամարդիկ ձկները որսացել են էլեկտրահարման եղանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ բնության պահպանությանն ուղղված ոստիկանական միջոցառումները շարունակվում են: