Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շոգին դիմակայելու համար մի քանի խորհուրդ է ներկայացրել.
«Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար.
խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում մի՛ մնացեք դրսում,
պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն,
մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: