ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Հայաստանից Ավստրալիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:




Լրահոս