«Երրորդ հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սահմանապահ զորքերն իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, անվտանգության պահպանմանը և մեր բանակի հետ կատարել են այն խնդիրները, որոնք դրված են եղել բանակի առաջ: Բայց ուզում եմ ընդգծել, որ զուտ գաղափարի, հայեցակարգի առումով՝ սահամանապահ զորքերը, ընդհանրապես, խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմանները, որոնց պահպանությունը հանձնված է սահմանապահ զորքերին, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ, որովհետև ենթադրվում է, որ այդ սահմանների ուղղությամբ գտնվող երկրների, պետությունների հետ կնքված է բարեկամության կամ խաղաղության պայմանագիր, և սա արձանագրելու շատ կարևոր հանգամանք է: Մենք գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում սահմանապահ զորքերի այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի», – ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է կառավարության դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները, առանց բացառության, պետք է հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր:
«Եվ հենց Զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ: Իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդությունների հետ է այս ամենը կախված: Շատ է քննարկվում այն, որ այո, մեզ պետք է խաղաղություն՝ բայց ոչ ցանկացած գնով, բայց ոչ ամեն գնով: Ընդհանրապես՝ որևէ բան պետք չէ որևէ մեկին ամեն գնով կամ ցանկացած գնով, որովհետև ամեն ինչ ունի իր գինը, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե ամեն ինչի գնով, ոչ թե ամեն գնով, այլ հենց խաղաղության գնով: Ես այս առիթով այս ամենն ասում եմ՝ ընդգծելու մեր քաղաքականության ուղղությունը և ցանկությունը, բայց նաև արձանագրում, որ այս նպատակին հասնելու համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, շատ բարդ և դժվարին ճանապարհ ունենք անցնելու», – հավելել է Նիկոլ Փաշինյանը: