Փաշինյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:

Վիտալի Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին:




Լրահոս