Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ ԼիԺույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը, Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
Մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկարի»: Թերի Ջորջի հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։
«Պետեր վան Բյուրենի անվան տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։
FIPRESCI մրցանակը տրվեց Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը» կինոնկարին:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը, Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը, հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»։
«Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» ստացավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» (լավագույն հայկական կարճամետրաժ) կինոնկարը:
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ ստացավ Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։ Մրցանակը հանձնեց 2019 թվականին «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր եզդի իրավապաշտպան, գրող և ակտիվիստ Միրզա Դինային:
Մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի ժյուրիի անդամներին, հյուրերին, հանդիսատեսին:
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։ Ըստ սցենարի՝ երբ Արցախի Հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող եւ լուսանկարիչ Լիկա Զաքարյանն ապաստան է գտնում եւ սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է Արցախյան 44-օրյա պատերազմի մի ամբողջական եւ բազմաշերտ պատմագրություն։
Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնն անցկացվեց հուլիսի 10-17-ը: Փառատոնին ցուցադրվեց շուրջ հարյուր ֆիլմ: Հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մի շարք պատվավոր հյուրեր, որոնցից էին իսպանացի կինոռեժիսոր, Լոկառնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր Ալբերտ Սեռան, Եվրոպական կինոյի առաջատար պրոդյուսեր, 35-ից ավելի փառատոնների մրցանակակիր, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, DAU բազմապլատֆորմ մարդաբանական կինոնախագծի հեղինակ Իլյա Խրժանովսկին եւ այլք։