Գյումրի քաղաքում տարբեր նյութերից ստացված խառնուրդով ներերակային թմրանյութ օգտագործողների թիվը զգալի աճել է, մասնավորապես բենզին ներարկվողներինը: Շիրակի մարզի Նարկոլոգիական դիսպանսերից ստացված տեղեկությունները վկայում են, որ հատկապես երիտասարդները, ովքեր գուցե թե չեն պատկերացնում իրենց այդ քայլի վտանգավորոթյունը, ընկնում են այնպիսի կախվածության մեջ, որի հետեւանքները վերացնելը դառնում է երբեմն անհնար: Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը նշեց, որ եթե նախկինում թմրամոլը խուսափում էր իր կամքով դիմել բժշկին, ապա հիմա այդպես չէ: Տարբեր խառնուրդներով թմրանյութ օգտագործած մարդու մարմինը կարճ ժամկետներում սկսում է քայքայվել: Բժիշկ մասնագետի օգնությունը դառնում է խիստ անհրաժեշտ: «Բենզինը բոլորովին այլ նպատակների համար է, բայց թմրամոլները այն խառնելով տարբեր դեղորայքների հետ (Թիանեպտին, Սեդալգին, Կոաքսիլ), ստանում են էժանագին թմրանյութ եւ ներարկվում են»,- նշեց տիկին Վարդանյանը: Երիտասարդության յուրացրած այդ մատչելի մեթոդը իսկական չարիք է դարձել: Մի քանի կոճակ էժանագին հակադեպրեսանտ, մի քիչ բենզին եւ թմրանյութը պատրաստ է: Բենզին ներարկվողների կյանքը բժիշկները հիմնականում փրկել չեն կարողանում: Գյումրիի ոստիկանությունից էլ չեն հերքում, որ ավելացել են թմրամիջոցի պատրաստման եւ օգտագործման փաստերը: Հատկապես մեծ տարածում է գտել Սեդալգինից պատրաստված ներերակային թմրանյութը: Չարիքն այնպիսի չափերի է հասել, որ երբեմն արձանագրվում են դեպքեր, երբ երիտասարդին հարազատները տանում են Նարկոլոգիական դիսպանսեր եւ խնդրում` եթե անգամ թմրամոլի առողջական վիճակը բարելավվել է, նրան որոշ ժամանակ դուրս չգրել հիվանդանոցից, որպեսզի շրջապատը դարձյալ բացասական ազդեցություն չգործի: Բժիշկ-նարկոլոգ Արտաշես Սահակյանը պատմեց, որ թմրամոլներից ոմանք խոստովանել են, որ ցանկացել են իրենց հեռու պահել չարիքից, սակայն ընկերները պատրաստի թմրանյութը ներարկիչով պատուհանից ներս են շպրտել: Դիմանալ գայթակղությանը հիմնականում չի ստացվել: Նշենք, որ օրերս ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարությունը միջոցառումներ է իրականացրել վերոհիշյալ դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ: Բայց չնայած դրան, բժիշկ-նարկոլոգները կասկածում են, թե այդ կերպ հնարավոր կլինի պայքարել չարիքի դեմ:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի
ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ